Կամիշլիում զինված հարձակումներ են տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

ԻՊ-ն ստանձնել է Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի և նրա հոր սպանության պատասխանատվությունը

Սիրիայի հյուսիս-արևելյան Հասակե նահանգի Կամիշլի քաղաքում համաժամանակյա զինված հարձակումների պատճառով սպանվել է 6 և վիրավորվել 22 մարդ, որոնց մեջ կան քաղաքացիականներ և ուժայիններ:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, զինված հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռումբով բեռնված 2 մեքենա և մեկ մոտոցիկլետ մտնելով դպրոցին և եկեղեցին կից մարդաշատ շուկա, պայթեցվել են:

Պայթյունի հետևանքով շենքեր են վնասվել, իսկ առաջացած հրդեհը մարել են հրշեջ-փրկարարական ջոկատները:

Նշվում է, որ վիրավորների մեջ կան նաև անվտանգության 4 աշխատակիցներ: Զինված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետն ու նրա հայրն սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի քահանայի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: