«Բոլորին պարզ է, որ առանց ԼՂ բնակչության համաձայնության՝ ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունվել». Սերգեյ Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում կողմերն իրենք պետք է որոշեն ու համաձայնեցնեն բանակցությունների մասնակիցների թիվը: Այդ մասին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում ՀՀ նոր իշխանությունների առաջարկին առ այն, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Լավրովը նշել է, որ ՀՀ նախկին նախագահներից մեկը որոշում էր ընդունել, որ Արցախի շահերը պետք է ներկայացնի պաշտոնական Երևանը: Որպես ՄԽ համանախագահ երկիր՝ Ռուսաստանը, ըստ նրա, պետք է այնպես անի, որ այդ գործընթացն ընդհանուր համաձայնության պայմաններում ընթանա:

Ըստ նրա՝ բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ ոչ մի պայմանավորվածություն չի կարող ընդունվել:

«Առանց Ղարաբաղի բնակչության համաձայնության՝ հայկական կողմը, իհարկե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի»,- նշել է Լավրովը:

Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարը մեջբերել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համաձայնելով այն մտքի հետ, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ ՀՀ-ին, և՛ Ադրբեջանին:

ՀՀ արտգործնախարարը, իր հերթին, հայտնել է, որ Լավրովի հետ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներին:

«Որպես Արցախի անվտանգության երաշխավոր`մենք հանձնառու ենք ապահովել խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացում` առանց սահմանափակման և հարկադրանքի»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը`ընդգծելով, որ Լավրովի հետ համակարծիք են`«խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի»: