Հայկ Այվազյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական գործով վճիռը կհրապարակվի նոյեմբերի 27-ին

Վարչական դատարանում ավարտվել է Հայկ Այվազյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական գործի քննությունը, որով վիճարկվում էր վարչապետի ստորագրած ակտի իրավաչափությունը՝ Տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնից Հայկ Այվազյանին ազատելու մասին (01.04.2019թ. ստորագրած թիվ 327-Ա հրաման)։

Նշենք, որ դատաքննության որևէ նիստին վարչապետի ներկայացուցիչը հարկ չի համարել ներկա լինել։

Օգոստոսին մուտքագրված հայցապահանջում Հայկ Այվազյանը միանգամից 3 պահանջ էր ներկայացրել Կառավարությանը՝ անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակած հրամանը, վերականգնել աշխատանքը և փոխհատուցում ապօրինի հրամանի հետևանքով հակադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար՝ նշված պաշտոնի աշխատավարձի հանրագումարի չափով։

Դատարանը խորհրդակցական սենյակ է հեռացել անցած ուրբաթ՝ նոյեմբերի 7-ին, վճիռը կհրապարակվի նոյեմբերի 27-ին։

Հավելենք, որ Հայկ Այվազյանը ՀՀ պետական կառավարման համակարգում պաշտոնանկ արված միակ անձն է վերջին 20-25 տարիներին, որը հանդգնել է դատի տալ երկրի բարձրագույն ղեկավարին։