Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել: Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում), 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել Դավթաշեն վարչական շրջանում Ռուսլան Բաղադարյանի ղեկավարման տարիներին հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ։

«Ըստ քննության այս պահին հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար»,-ասված էր ոստիկանության տարածած հաղորդագրության տեքստում։