Վրաստանում հիմնականում տարածված է գրիպի H1N1 վիրուսը (խոզի գրիպ)

Ինչպես լրագրողներին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն, Վրաստանում հիմնականում տարածված է գրիպի H1N1 վիրուսը (խոզի գրիպ)։ Այս մասին այսօր տեղեկացրել է  sputnik-georgia.ru-ն։

Վրաստանի փրկարարական ծառայությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի

H1N1-ը գրիպի A վիրուսի ենթատեսակ է, որն առաջացնում է առավել մասշտաբային համաճարակներ։ Այսօրվա դրությամբ Վրաստանում արձանագրված է «խոզի գրիպի» հետևանքներից մահացության 13 դեպք։ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը լաբորատոր հետազոտություններ է անցկացնում՝ պարզելու համար, թե ինչ վիրուս է տարածված երկրում։

Գրիպի հետ կապված խուճապի հետևանքով Վրաստանի դեղատներում հերթեր են գոյացել

«Երեկվա տվյալներով, այս տարի անցկացվել է 450 հետազոտություն, որից մոտավորապես 230-ի, այսինքն՝ 55%-ի դեպքում բացահայտվել է գրիպի վիրուս։ 230-ի 98%-ի դեպքում H1N1 է,- հայտարարել է Գամկրելիձեն։- Համապատասխանաբար՝ տվյալ պահին երկրում տարածված է H1N1-ը։ Բացահայտված են նաև H3N2-ի չորս-հինգ դեպքեր և B վիրուսով հիվանդացության մեկ դեպք»։

«Խոզի գրիպի» վերջին զոհը դարձել է 22-ամյա Սալոմե Քեմաշվիլին։ Բժիշկների խոսքերով՝ մահվան պատճառ է դարձել ուշացած բուժումը․ աղջիկը Թբիլիսիի վարակաբանական հիվանդանոց է տեղափոխվել վարակվելուց 6 օր անց և միացվել արհեստական շնչառության սարքին։

Վրաստանի գլխավոր վարակաբանը ամեն ինչ պատմել է գրիպի վիրուսի մասին

Աշխարհում մարդկանց ճնշող մեծամասնության մոտ H1N1 վարակն ընթանում է բարդացումներից զերծ գրիպանման հիվանդության տեսքով և տևում մեկ շաբաթ։ Բայց կա նաև հիվանդության ընթացքի ծանր ձև, որը բնորոշվում է արագ զարգացող առաջնային վիրուսային թոքաբորբով։ Դա, ի տարբերություն բակտերիական թոքաբորբի, զգայուն չէ հակաբիոտիկների նկատմամբ և ճիշտ բուժման բացակայության դեպքում կարող է հանգեցնել մահացու ելքի՝ բարդացման առաջին նշանների բացահայտումից 24 ժամ անց։ Գրիպի առաջին իսկ ախտանշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։