Խոզի գրիպի առնչությամբ դպրոցներում և մանկապարտեզներում այսօրվանից իրականացվել է «համաճարակային ֆիլտր»

Սովորաբար ձմռան սեզոնին գլուխ են բարձրացնում գրիպի և սուր շնչառական վարակների հարուցիչները, և այս տարին էլ բացառություն չէ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն, այս տարի լաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ), իսկ մոտ 1%-ը Բ-տեսակներով:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում ևս հիմնականում տարածված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը: Ըստ նախարարության հաղորդագրության, հունվարի 4-ի դրությամբ բուժհաստատություններ դիմած անձանցից 25-ի մոտ նկատվել են գրիպի հենց այդ տեսակին բնորոշ երևույթներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 10-ի մոտ իսկապես առկա է H1N1:

Ինչպես մեզ տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հետ կապերի բաժնից, այս պահի դրությամբ իրենք գրիպի տարածվածության մասին թարմացված տեղեկություններ չունեն։ Միաժամանակ նշեցին, որ վարակի տարածման ամենավտանգավոր ժամանակը սովորաբար ամանորյա տոներին անմիջապես հաջորդող շրջանն է, երբ տոնական արձակուրդներից հետո վերաբացվում են դպրոցները, բուհերը, մանկապարտեզներն ու հիմնարկները, և մարդիկ սկսում են հաճախել դասերի, աշխատանքի՝ տարածելով նաև վարակը։

Ի դեպ, հաշվի առնելով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, իրականացվող աշխատանքներին զուգահեռ, համագործակցելով կրթության և գիտության նախարարության, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ, դպրոցներում և մանկապարտեզներում այսօրվանից իրականացվել է «համաճարակային ֆիլտր»:

Հունվարի 9-ին դպրոցներից և մանկապարտեզներից շնչառական վարակներին բնորոշ գանգատներով 387 երեխա (Երևանում՝ 129, մարզերում՝ 258) տուն է ուղարկվել:  Ձեռնարկված աշխատանքները շարունակական են լինելու:

Նախարարության կողմից ամեն օր իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է սուր շնչառական վարակներով դեպքերի 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ, հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացվել է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Բացահայտված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ:

Դատելով «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում մի խումբ ծնողների բողոքներից, արձանագրենք, որ հետտոնական օրերին պոլիկլինիկաներն աշխատել են բավական ծանրաբեռնված գրաֆիկով, քանի որ հիմնականում մանկական բաժանմունքներում սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաների և նրանց ծնողների մեծ հերթեր են գոյացել։

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց ծնողներից Լիլիթ Աղաջանյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկան մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատել հատկապես վերջին մի քանի օրերին, ինչի պատճառով տուժել է սպասարկման որակը, ընդ որում, գրիպով կամ այլ շնչառական վարակներով հնարավոր հիվանդները, նաև բժիշկների անկազմակերպ և անպատասխանատու աշխատանքի հետևանքով, ստիպված են եղել ժամերով սպասել նրանց սենյակների մոտ։ Ծնողները խնդրել են, որպեսզի գոնե առանց հերթի ընդունեն ջերմող կամ վատ ինքնազգացողությամբ երեխաներին և, հնարավորինս արագ ախտորոշելով նրանց մոտ եղած վարակը, բուժում նշանակեն, սակայն բժիշկները չեն ընդառաջել Լիլիթ Աղաջանյանի հորդորին ու խնդրանքին՝ սպասեցնելով այնքան ժամանակ, մինչև երեխայի բժշկի հերթափոխն ավարտվել է, և նա էլ չսպասելով թոքերի ռենտգենի պատասխանին, գնացել է։ Ստիպված են եղել բուժում նշանակելու համար դիմել հերթապահ բժշկին, որը տեղյակ չի եղել տղայի առողջական խնդիրների, առանձնահատկությունների մասին։

«Ամանորին երեխան բարձր ջերմություն ուներ՝ 38-38,5 աստիճան, այդպես չորս օր,- մեզ հետ զրույցում ասած մայրը։- Այնուհետև երեխայի մոտ սուր հազ սկսվեց, և լսելով Վրաստանում արձանագրված մահվան դեպքերի մասին, տոնական արձակուրդների ավարտից անմիջապես հետո դիմեցինք տարածքային պոլիկլինիկա։ Որդիս ուղեղի մանկական կաթվածով է տառապում, ունի հաշմանդամություն, և քանի որ մշտապես ստուգվել ու վերահսկվել է տվյալ բուժհաստատության հիվանդանոցում ու պոլիկլինիկայում, խելամիտ չէր լինի նրան այլ հիվանդանոց տանել։ Երեխայի բժիշկներն արդեն ճանաչում են նրան, գիտեն իր խնդիրները և ավելի ճիշտ բուժում կնշակեն։ Հենց այդ պատճառով ինձ անհրաժեշտ էր, որ երեխային հենց այնտեղ ստուգեն, ախտորոշեն, նաև բուժում նշանակեն։ Բայց թոքերի ռենտգենի պատասխանը մեզ բավականին ուշ տվեցին՝ մոտ մեկ ժամ հետո, չնայած ես խնդրել էի, զգուշացրել, որ բժիշկը ժամը 13։00-ից հետո գնալու է։ Ի վերջո, պետք է նաև հաշվի առնեին, որ այդ երեխան ռիսկի խմբում է, և ամեն օրը նրա համար կարող է լուրջ նշանակություն ունենալ։ Մինչդեռ, հերթում նաև բանակ գնացողներն էին, որոնք կարող էին փոքր-ինչ սպասել»։

Չնայած որոշ պոլիկլինիկաներում սպասարկումից դժգոհություններին, Հայաստանում այս տարի գրպից մահացության դեպքեր, բարեբախտաբար, դեռևս չեն արձանագրվել, համենայն դեպս, նախարարության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ, ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում, այսպես կոչված, խոզի գրիպից մահեր չկան։ Մինչդեռ, հարևան Վրաստանում այսօրվա դրությամբ մահվան 13 դեպք է արձանագրվել խոզի գրիպի հետևանքներից։ Վրաստանում անցկացվել է 450 հետազոտություն և մոտ 230 դեպքերում բացահայտվել է H1N1 գրիպի վիրուս։

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր եղել Հայաստանում խուսափել հիվանդության հնարավոր մահացու ելքից, ԱՆ մամուլի բաժնից ասացին, որ, հավանաբար, գրիպի առաջին ախտանշանների ի հայտ գալու դեպքում բժշկական հաստատություններ դիմելու պատրաստակամության շնորհիվ։ Ի վերջո, նախկին տարիներին մահացության դեպքերն արձանագրվել են հատկապես ուշացումների հետևանքով, երբ հիվանդն օրեր շարունակ բարձր ջերմություն ունենալով, բժշկի չի դիմել և միայն ծայրահեղ ծանր վիճակի հասնելու դեպքում է հայտնվել հիվանդանոցում։

Նշենք, որ գրիպի ռիսկի խմբերի մեջ են մտնում հղի կանայք, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները, քրոնիկական հիվանդություններով մարդիկ և տարեցները։ Հենց նրանց շրջանում է մեծ գրիպով վարակվելու հետևանքով լուրջ բարդությունների զարգացման հավանականությունը:

 

Թագուհի Ասլանյան