Ապրելն ավելի կդժվարանա

Գազի թեման ցավոտ է մեր երկրի համար։ Եվ երբ դեռ Ամանորից առաջ  հայտարարեցին մեզ, որ Ռուսաստանից ստացվող գազի 1000 խմ-ի գինը կբարձրանա ու սահմանի վրա կրկին կկազմի 165 դոլար, պարզ դարձավ, որ գազի թեման շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ, և, ինչպես արդեն հասկանալի է, մնացել է չլուծված։ 150 դոլարով մատակարարումների վերաբերյալ պայմանագրի ժամկետը լրացավ 2018թ․ դեկտեմբերի 31-ին, և քանի որ այդ գինը նվազեցնելու կամ գոնե պահպանելու վերաբերյալ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել, մատակարարը վերադարձավ նախկին գնին։

Ի՞նչ էր ասում օրերս այդ հարցի առնչությամբ ինքը՝ Փաշինյանը։ Ոչ մի առանձնակի, առավել ևս՝ ոչ մի նոր բան։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը կրկին հաստատեց, որ այդ փաստը չի ազդի հիմնական սպառողի վճարելիք սակագնի վրա։ Փաշինյանը նաև հավելեց, որ պաշտոնական Երևանը կշարունակի գազի գնի վերաբերյալ բանակցությունները ռուսաստանյան կողմի հետ՝ տվյալ հարցի երակարաժամկետ լուծում գտնելու համար։

«Մենք շարունակում ենք բանակցությունները և կանենք ամեն ինչ՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- ասաց Փաշինյանը և, միաժամանակ, փորձեց «հուսադրել» մեր երկրի բնակչությանը՝ իբր կառավարությունը շարունակում է քննարկել իրանական գազի մատակարարումների հնարավորությունը․ «Իրանական գազի մատակարարման հարցը քննարկվել է նախկինում, քննարկվում է ներկայումս, և կքննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել կոնկրետ և շահավետ լուծում»։

Չի գտնվի՝ ասում եմ նախապես։ Իրանը որևէ պետության էժան գազ չի մատակարում, համենայն դեպս, իրանական գազը ռուսականից էժան չէ։ Չէ՞ք հավատում․․․ Հարցրեք Չինաստանին՝ իրանական գազի հիմնական գնորդին։ Եվ Չինաստանին հարցրեք նաև, թե ինչո՞ւ է Իրանից գազի կայուն մատակարարումների պայմաններում որոշում ընդունել «Գազպրոմ» և CNPC (Չինաստան) ընկերությունների համատեղ նախագծի՝ «Սիբիրի ուժ» գազամուղի մասին։ Բնական է, որ այդ գազամուղը նախատեսված կլինի ռուսական, այլ ոչ թե իրանական կամ ղազախական գազի մատակարարումների համար․․․ Դժվար թե որևէ մեկը մտածի, որ Չինաստանի ղեկավարությունը, որը նույնպես ցանկանում է ավելի էժան գնել գազը՝ լինի դա Իրանից, թե մեկ ուրիշից, պակաս խելացի է, քան Հայաստանի ղեկավարությունը։

Կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության միջև հունվարի 8-ին բանակցություններ են սկսվել գազի սակագների վերաբերյալ։ Դրանք կավարտվեն այն ժամանակ, երբ կգտնվի հարցի արդյունավետ լուծում։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքերով, համաձայն պայմանավորվածության, «Գազպրոմ Արմենիան» մինչև բանակցությունների ավարտը հայտ չի ներկայացնի գազի սակագների վերանայման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է հավանականությանը նրա, որ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տա, և գազի սակագները կաճեն, փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է․ «Կառավարությունը կգործադրի ամեն ջանք՝ բանակցությունները կառուցողական մթնոլորտում անցկացնելու և ընդունելի արդյունքի հասնելու համար»։ Այն հարցին, թե բանակցությունների արդյունքում 15 դոլարի բեռը կամ գոնի դրա մի մասը կարո՞ղ է արդյոք իր վրա վերցնել ՀՀ կառավարությունը և մասամբ սուբսիդավորել սակագինը, Գրիգորյանը պատասխանել է․ «Այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում»։

Կարծում եմ, սակագնի բարձրացումն անխուսափելի է, պարզապես հետաձգվում է, մինչև որ ավարտվեն մեր ներքին բանակցությունները, այսինքն՝ այդ բանակցությունների ավարտվելուն պես, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությանը հայտ կներկայացնի գազի սակագների վերանայման առնչությամբ։ Կառավարությունը, դատելով ամենից, 2019թ․ հունվարի դրությամբ մտադիր չէ սուբսիդիա հատկացնել՝ «15 դոլարի բեռը» սեփական միջոցների հաշվին մարելու համար։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞վ է վճարելու յուրաքանչյուր 1000 խմ-ի համար ավելացված այդ 15 դոլարը, եթե ոչ Հայաստանի ֆիզկական և իրավաբանական անձինք։ Պարզ է, որ Փաշինյանը և այն անձինք, որոնք ֆինանսավորել են նրա հեղափոխությունը, չեն ֆինանսավորելու գնաճի այդ տարբերությունը, այդ դեպքում ժողովուրդն է ֆինանսավորելու։

Գազի գնի աճը շարքային քաղաքացիներին կսկսի հարվածել նույնիսկ միջնորդավորված, քանի որ էներգակրի արժեքի աճը ցանկացած երկրում անխուսափելիորոն հանգեցնում է գրեթե ամեն ինչի թանկացման, այդ թվում նաև՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների։ Չէ՞ որ դրանց արտադրության ու տեղափոխման համար անհրաժեշտ է էներգիա, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե որքան շատ են Հայաստանում գազով աշխատող փոխադրամիջոցները։

 

Սերգեյ Շաքարյանց