Սերգեյ Լավրովը Երևանում կքննարկի Ղարաբաղյան կարգավորման հեռանկարները. Զախարովա

«Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևան կատարելիք իր այցի ընթացքում հայկական ղեկավարության հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-հայտարարել է ՌԴ արտաքին քաղական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

Այս մասին տեղեկացնում է  Rusarminfo.ru-ն:

Նրա խոսքով՝ իր այցի ընթացքում Լավրովը հանդիպումներ կանցկացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Բանակցությունների ընթացքում արտգործնախարարը կքննարկի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ գծով փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում և այլ միջազգային համաժողովներոմ դիրքորոշումների համակարգման խնդիրներ: Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը, ներառյալ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան:

Նա նաև նշել է, որ կողմերը նախատեսում են ստորագրել 2020-2022 թթ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների պլանը:

Համաձայն օրակարգի՝ Լավրովը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր հարգանքի տուրք կմատուցի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին: