Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի հայազգի անդամ Արա Դարզին կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի հայազգի անդամ Արա Դարզին (Թերզյան) կոչ է արել բրիտանական կառավարությանը հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

«Որպես բրիտանական խորհրդարանում առաջին հայ պատգամավոր` ես ոգևորված եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բայց ես առաջվա պես հուսահատված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել շուրջ 1,5 միլիոն հայերի սպանությունն Օսմանյան կայսրությունում»,-ասել է Արա Դարզին:

Որպես ցեղասպանության անհերքելի փաստ՝ Լոնդոնի կայսերական քոլեջի համաշխարհային բժշկական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին բերել է իր նախնիների օրինակը:

«Իմ նախապապն ու իր որդիները սպանվել են Օսմանյան կայսրության կառավարական զորքերի կողմից 1915 թվականին: Նրա դուստրը՝ իմ տատը, փախել է այնտեղից՝ մեռած ձևանալով: Նա իր մոր հետ ոտաբոբիկ Էրզրումից գնացել է և հայտնվել Մոսուլում՝ Իրաքի հյուսիսում: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ մենք ապրում էինք որպես փախստականներ»,-ասել է Դարզին:

Նա նշել է նաև, որ Անգլիան հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը զուտ այն պատճառով, որ չփչացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։