Քոչարյանի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել․ Ռուբեն Սահակյան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի հերթական որոշումը։  Այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ դատավորի՝ խափանման միջոց գրավը կիրառելու միջնորդության մերժումից հետո։

Ռուբեն Սահակյանը ենթադրում է, որ դատավորը որոշումը հիմնավորում է մեղադրող կողմի փաստարկներով։ «Ես համոզված էի, որ դատավորը կմերժի միջնորդությունը»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ համոզվել է դատավոր Աննա Դանիբեկյանի պրոֆեսիոնալ գիտելիքների խոր բացակայության մեջ։

«Այնտեղ ընդհանրապես մեղադրանք չկա։ Հեքիաթներ են, որոնք գրել է դատախազը, որոնք անգամ ահնհար է համեմատել Գյուլնազ տատի հեքիաթնեի հետ»,-ասաց փաստաբանը։ Թե ինչ կլինի վերաքննիչ դատարանում, Ռուբեն Սահակյանը չի կարող ենթադրել՝ նշելով, որ ամեն բան կախված է նրանից, թե որ դատավորին կմակագրվի գործը․ «Փաստաբանները գիտեն, թե որ դատավորն ինչի է ընդունակ։ Ես դա անվանում եմ քաղաքացիական արիություն։ Չնայել պաշտոնին և անձի հնարավորությանն ու արդար որոշում կայացնել»։

Ինչ վերաբերում է միջնորդությունների փուլի տևական լինելուն, փաստաբան Սահակյանն ասաց․ «Ես միջնորդության մեջ գրել էի՝ մի մեղադրեք մեզ, թե մենք փորձում ենք խոչընդոտել և ձգձգել դատական քննությունը, հակառակը՝ մենք այսօր հակված ենք մտնել դատական վիճաբանությունների փուլ, և արտասանել պաշտպանական ճառ և քարը քարին չթողնել այս մեղադրանքը»։

Պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատավարությանը, Ռուբեն Սահակյանն արձագանքեց․ «Ինչի՞ն և ինչպե՞ս պետք է խոչընդոտի: Եվ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով։ Խոչընդոտել նշանակում է ազդել հետաքննության վրա, կեղծել փաստաթղթերը, վկաներին ստիպել փոխել ցուցմունքը: Գործում ընդամենը 2 փաստաթուղթ կա: Քոչարյանը խոստովանում է, որ նման հրամաններ է արձակել: Վկանե՞ր: Չկան վկաներ, որոնց վրա Քոչարյանը կարող էր ազդեցություն ունենալ: Ոչ ոք նրա դեմ ցուցմունք չի տվել: Արշակ Կարապետյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Նա միայն ասում է, որ փետրվարի 23-ին հայտարարվել է արտակարգ դրություն սահմանելու մտադրության մասին: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում: Արտակարգ դրությունը սահմանվել է մարտի 1-ին, և Կարապետյանի խոսքերը ոչ մի վկա չի հաստատել: Մյուս բոլորը նման բան չեն հիշում: Գնդապետի կոչումով դատախազները պրիմիտիվ մանիպուլյացիաների են դիմում՝ ասելով, թե վկաները չեն հերքում»: