«Վերելք»․ Արծրուն Պեպանյան՝ Ճզմենք Հանրային խորհրդի գլուխը (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննում է Հանրային խորհրդի շուրջ ծավալվող իրադարձությունների արմատները, ՀԽ վրա գրոհը պայմանավորում ՀԽ ոչ իշխանահաճո քննարկումներով, ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ իրավիճակի վերաբերյալ մտահոգություն արտահայտող ելույթներով։

Երկրի քաոսային վիճակից և իշխանությունների կողմից այն կարգի բերելու անկարողությունից ելնելով՝ Հանրային խորհրդի անդամներին, որոնք բոլորը փորձառու են, պիտի խնդրեք, որ շարունակեն անվճար աշխատել և օգնել ժողովրդին և ոչ թե խոսեք լուծարման մասին,- ասում է ՀԽ անդամ Արծրուն Պեպանյանը։

Արծրուն Պեպանյանը հիմնավորում է, որ ԱԺ-ն իր տեղում չէ և երկրի խնդիրները լուծելու, պայթյունավտանգ իրավիճակը չեղոքացնելու փոխարեն յուղ է լցնում ագրեսիայի կրակի վրա։ ԱԺ-ն արդեն չի արտահայտում ժողովրդի մեջ առկա շերտերի շահերը, դեկտեմբերին իշխանություններին քվե տված շատ և շատ քաղաքացիներ հիասթափվել են, ոմանք էլ դարձել են հակաիշխանական: Նորմալ երկրներում, պետության շահերից ելնելով, նման դեպքում անցկացվում են նոր ընտրություններ, և ժողովրդին համակած ագրեսիան մարում է, բանավեճը փողոցներից տեղափոխվում է ԱԺ դահլիճ:
Եթե երկրում համատարած ագրեսիա է, իսկ ԱԺ-ում հանդարտություն է, ապա դա խոր ճգնաժամի վառ ապացույց է:
Ո՞վ պիտի գտնի ահագնացող ագրեսիայի մեղմման ուղին, եթե ոչ Հանրային խորհուրդը, որի խնդիրներից մեկը հենց դա է,- հարցնում է Արծրուն Պեպանյանը և հաղորդումը եզրափակում այսպես՝
– Ուզու՞մ եք լուծարել Հանրային խորհուրդը։ Խնդրեմ՝ արեք դա․ ես դրանից միայն կշահեմ, քանի որ այլևս, չվարձատրվելով, չեմ մասնակցի ՀԽ նիստերին, կխնայեմ ժամանակս ու նյարդերս։ Իսկ դուք կշահե՞ք դրանից։

Մանրամասն՝ տեսանյութում։