Մոսկվան խիստ անհանգստացած է միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունից

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանական գործարքի շուրջ տագնապալի իրադրությունն ստեղծվել է այն բանի պատճառով, որ ԱՄՆ-ը ոչ միայն հրաժարվել է իր պարտավորություններից, այլեւ պահանջում է, որ դա անեն մյուս մասնակիցները:

«Մենք խիստ անհանգստացած ենք (միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունից), եւ այդ տագնապն առաջացել է ո՛չ այսօր եւ ո՛չ էլ երեկ, այլ անցյալ տարվա մայիսին, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց այդ պայմանավորվածությունից դուրս գալու մասին»,-ասել է նա:

«ԱՄՆ-ն ոչ միայն չեղյալ հայտարարեց իր սեփական պարտավորությունները, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, այլեւ պատժի սպառնալիքներով, պատժամիջոցների ճանապարհով արգելեց աշխարհի մյուս երկրներին՝ կատարելու իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ),-շարունակել է Լավրովը:-Դրանով իսկ Վաշինգտոնը, եւ դա է խնդրի արմատը, բոլորից պահանջեց, որ նրանք ոչինչ չանեն այն ամենից, ինչը բաժին է հասնում Իրանին ԳՀՀԾ-ին համապատասխան: Իրանից պահանջում են առանց բացառության կատարել ամենը, իսկ ի պատասխան ոչինչ չեն տալիս»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը: