Պետքարտուղարությունը դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին

Պետքարտուղարության ավագ պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ,  հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք ընդունվել են Ներկայացուցիչների պալատում։ Դա նա պատճառաբանել է նրանով, որ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ում առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների լարվածությանը: Այս մասին փոխանցում է Bloomberg-ը։

«Վարչակազմը մտահոգված է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմարշավի պատճառով Ներկայացուցիչների պալատում անցյալ շաբաթ ընդունված պատժամիջոցները կկապեն ԱՄՆ-ի ձեռքերը»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ բանաձևի ընդունումը Սիրիայում թուրքական գործողությունները դատապարտելուն զուգահեռ անժամանակ է եղել:

Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխել. սգում է 1.5 մլն հայերի մահը, որոնք արտաքսվել և սպանվել են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: «ԱՄՆ-ն ոգեկոչում է Մեծ Եղեռնը՝ այն անվանելով 20-րդ դարի ամենավատ զանգվածային վայրագություններից մեկը և ողջունում Հայաստանի ու Թուրքիայի ջանքերն՝ առերեսվելու իրենց պատմությանը»,-նշել է պաշտոնյան։