Տուսկը չի մասնակցի Լեհաստանի նախագահական ընտրություններին

Եվրախորհրդի լեհ նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է 2020 թվականի գարնանը Լեհաստանում կայանալիք  նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրվելու որոշման մասին, հայտնում է Polskie Radio-ն:

«Ես չէի ցանկանա որևէ կերպ խոչընդոտել ընդդիմությանը թեկնածուներ ներկայացնելու հարցում»,-ասել է Տուսկը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը կարող է հաղթել նախագահական ընտրություններում, սակայն դրա համար պետք է թեկնածու, որը ծանրաբեռնված չի լինի դժվար և հավանության չարժանացած որոշումներով:

Հիշեցնենք, որ 14 տարի առաջ Տուսկը մասնակցել է Լեհաստանի նախագահական ընտրություններին, սակայն պարտվել է Լեխ Կաչինսկուն՝ ստանալով ընտրողների 45,96 տոկոս ձայները: 2007-ից 2014 թվականները Տուսկը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Տուսկին համարում էին ընդդիմության կողմից նախագահի ամենահավանական թեկնածուն: Իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցությունը մտադիր է առաջադրել երկրի ներկայիս ղեկավար Անջեյ Դուդայի թեկնածությունը: