Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները․ Զատուլին

ՀՀ սահմաններին Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների հարցով Հայաստանը պաշտոնապես չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), և եթե դիմի, ապա կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները։

Այս մասին ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե Տավուշի ուղղությամբ հակառաորդի  գործողությունները չեն դիտարկվում որպես ահաբեկչություն։

«Եթե Հայաստանը որպես ՀԱՊԿ անդամ կարիք է տեսնում այդ հարցը դնել ՀԱՊԿ անդամ այլ երկրների առաջ, ապա նա իրավունք ունի դա անել, բայց ես չեմ լսել, որ Հայաստանն այդ հարցը բարձրացնի: Դուք հիմա այն բարձրաձայնում եք, բայց պաշտոնական Երևանն այդ հարցով ՀԱՊԿ չի դիմել», – ասաց նա։

Կոնստանտին Զատուլինը նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ երկրներ, միմյանց նկատմամբ պարտավորություններ ունեն. «Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես գործընկեր, և Հայաստանի վրա հարձակման ժամանակ կգործարկվեն ՀԱՊԿ-ով նախատեսված մեխանիզմները: ՀՀ տարածքում մեր 102-րդ ռազմաբազան է գտնվում, որը գեղեցկության համար չէ այստեղ տեղակայված»:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Կոնստանտին  Զատուլինն ասաց. «Ես լսում եմ, որ ՀՀ վարչապետը հայտարարում է՝ Արցախը Հայաստանն է և վերջ, Ադրբեջանի  նախագահն էլ իմ և այլոց  ներկայությամբ  հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան: Այնպես, որ իրականությունը բոլորը տարբեր կերպ են ընկալում»:

Խոսելով ՀՀ ներքաղաքական զարգացումների մասին՝ Զատուլինն ասաց, որ իրենք չեն խառնվում դրանց։ «Մենք չենք խառնվում ներքին գործերին ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ այլ երկրներում: Դրա համար չեմ ուզում ՀՀ ներքին խնդիրներին անդրադառնալ, մեկնաբանել ներքին քաղաքական հարցեր: Այո՛, Հայստանում տեղի է ունեցել քաղաքական դեմքերի փոփոխություն, ոչ միայն առաջին դեմքերի, այլև մնացած բոլոր ենթակառուցվածքների: Իրար ճանաչելու գործընթացը դեռ շարունակվում է», – նշեց նա: