Ո՞րն է կրթության ու մշակույթի նախարարության նպատակը, հայերենը դարձնել որբի գլու՞խ

Ֆրանսիայում բնակվող թարգմանիչ, միջազգայնագետ, վերլուծաբան Իրինա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բուհերի պարտադիր ուսումնական ծրագրերից հայոց լեզու, հայ գրականություն ու պատմություն առարկաները հանելու նախագծին՝ ներկայացնելով դրա հետևանքները։

«Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա դալլաքություն սովորեն»

Պարույր Սևակ

«Լեզուն մեր գոյության փաստն է, մեր անցյալի կենդանի վկան ու պատմության հետ կապող կամուրջը։ Հայոց լեզու, հայ գրականություն ու պատմություն առարկաները ԲՈՒՀ- երի պարտադիր ուսումնական ծրագրից հանելը վտանգավոր է. այդ ռեֆորմը մեր լեզվի տիրապետումը կհասցնի անմիխթար վիճակի։
Աշխարհի բոլոր լեզվաբանները կասեն՝ անհնար է սովորել, ընմբռնել որևէ օտար լեզվի քերականություն՝ առանց մայրենի լեզվի քերականությանը տիրապետելու։
Լեզուն նորմի կարիք ունի ու պետք է նորմավորվի ամեն օր։ Բառարանները հիմնվում են գրավոր խոսքի ու գրականության վրա՝ բառիմաստն ու կիրառությունը բացատրելու համար։
ԲՈՒՀ-երի մասնագետները կարիք ունեն իրենց մասնագիտությամբ գրագետ արտահայտվելու։ Իսկ այդ միջոցը լեզուն է։
Դպրոցական ծրագիրը շատ հեռու է բավարար լինելուց։ Երբևէ տեսե՞լ եք եվրոպական համալսարանական քննությունները։ Դրանք հիմնված են գրավոր խոսքի վրա և պահանջում են լեզվի՝ գերազանցին մոտիկ իմացություն։ Ֆրանսիայում պետություն-քաղաքացի յուրաքանչյուր հաղորդակցություն հիմնված է գրավոր տեքստի վրա։
Ես չեմ կարող պատկերացնել իրավագիտություն՝ առանց հայերենի դասավանդման, քանի որ իրավաբանից պահանջվում է ուղղագրության, կետադրության, շարահյուսության ու բառիմաստի կատարյալ տիրապետում։
Ինչպե՞ս է դիվանագետը իր երկրի շահերը պաշտպանելու, եթե պատմությունը ոչ պարտադիր առարկա է եղել։ Ինչպե՞ս է թարգմանիչը թարգմանելու՝ առանց իր լեզվին լավ տիրապետելու։
Գիտե՞ք, որ Apple-ը փնտրում է լեզվի մասնագետներ, որ աշխատեն ծրագրավորողների հետ արհեստական ինտելեկտի բնագավառում։ Google- ը փնտրում է Analytical Linguist (լեզվավերլուծաբան) կամ Computational Linguist (համակարգչային լեզվաբան)։ Էլ չեմ խոսում սոցիոլոգիա ու լեզվաբանության սերտ կապի կամ հոգելեզվաբանության մասին։
Այս որոշումը վտանգի տակ է դնում գիտությունների ակադեմիան՝ այդ առակաների ասպարեզներում։
Դպրոցը չի կարող մասնագիտական բառեզր ուսուցանել։ Մասնագիտական բառապաշարը սովորում են մասնագիտացման ժամանակ։
Ես կարծում եմ, որ հայերենի ուսուցումը պետք լինի ոչ միայն պարտադիր, այլ ավելի երկարատև ու ավելի պահանջկոտ՝ հատկապես գրավոր խոսքի մեջ։
Արցախյան շարժումից մի քանի տարի առաջ, Ադրբեջանը որոշեց դպրոցներից հանել հայ ժողովրդի պատմություն առարկան։ Նպանակը ակնհայտ էր՝ արցախցուն կտրել իր պատմությունից։
Ո՞րն է կրթության ու մշակույթի նախարարության նպատակը, հայերենը դարձնել որբի գլու՞խ»։

«Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա դալլաքություն սովորեն» Պարույր Սևակ Լեզուն մեր գոյության փաստն է, մեր անցյալի…

Опубликовано Irina Hovsepian Четверг, 31 октября 2019 г.