Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում և դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը․ Ավետիք Չալաբյան

Մեր կուսակցության ստեղծումն արդեն մեկ տարի է տևում, արդեն ներկայացրել ենք մեր տեսլականն ու սկզբունքները և կոչ ենք արել մեր համակիրներին՝ միանալ մեր գաղափարախոսության շուրջ: Այս մասին «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:

«Մենք ստեղծում ենք ազգային, աջակենտրոն կուսակցություն»,- հայտարարեց նա:

Հարցին՝ ընդդիմադիր, թե իշխանական դաշտում են գործելու, Չալաբյանն ասաց, որ ամեն կուսակցություն, կախված նրանից, թե ընտրողներն իրեն ինչ քվե են տալիս, ինչ-որ պահի կարող է լինել ընդդիմություն, ինչ-որ պահի էլ կարող է լինել իշխող կոալիցիայի մաս կամ կոալիցիայի ղեկավար ուժ: «Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում և դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը: Սակայն դա չի նշանակում, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք ընդդիմադիր լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Մեր նպատակը չէ դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է գալ իշխանության և որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագրերը»,- ասաց նա:

Չալաբյանը նշեց, որ չեն սպասելու նրան, որ դառնան իշխանություն, այլ իրենց ծրագիրը սկսելու են իրականացնել՝ լինելով նաև ընդդիմություն:

Իսկ թե առաջիկա ընտրություններին ինչ ձևաչափով կմասնակցեն, վերջինս նշեց, որ ընտրություններին դեռ 4 տարուց ավելի ժամանակ կա: «Կանխատեսում էլ չենք ուզում անել, որ արտահերթ ընտրություններ կլինեն, երբ ընտրությունների ժամանակը կգա, կորոշենք՝ ինչ ձևաչափով ենք մասնակցելու»,- ասաց նա:

Չալաբյանը նաև նշեց, որ թե՛ նախկին իշխանությունից և թե՛ ներկայից իրենց կուսակցությունը նույն հեռավորության վրա է: «Քանի որ մենք աջակենտրոն կուսակցություն ենք, կարող ենք համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք ևս կենտրոնամետ դիրքորոշում և հստակ ազգային ուղղվածություն ունեն»,- ասաց նա: