Թրամփը կարգադրել է 2020 թվականին փախստականների ընդունման սահմանաչափ սահմանել 18 հազարը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է փախստականների ընդունման սահմանափակում մտցնել 2020 ֆինանսական տարում, որը չի գերազանցի 18 հազարը, գրում է ria.ru-ն:

Երկու տարի առաջ ԱՄՆ-ի ընդունած փախստականների թիվը 110 հազար էր: 2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ն ընդունել է 30 հազար փախստական։

Ըստ հաղորդման՝ ԱՄՆ-ն 5 հազար մարդ կընդունի հալածվող կրոնական փոքրամասնություններից, 4 հազար իրաքցիների, որոնք օգնել են ԱՄՆ-ին կամ կապ ունեն ԱՄՆ քաղաքացիների հետ, ինչպես նաև 1500 մարդու՝ Սալվադորից, Գվատեմալայից և Հոնդուրասից: Եվս 7500 տեղ կհատկացվի այլ կատեգորիաները ներկայացնող փախստականներին:

«Ընդունվող փախստականների վերին շեմը 18 հազարն է»,- ասված է Թրամփի կարգադրության մեջ:

Թրամփի նախընտրական խոստումներից մեկն էր ԱՄՆ-ում սահմանափակել ներգաղթը: Նախագահի քաղաքական հակառակորդները նրան մեղադրում են այն բանի համար, որ ԱՄՆ-ն կորցրել է փախստականների ընդունման համաշխարհային առաջնորդի կարգավիճակը՝ չնայած նրա լայն հնարավորություններին: