Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ «Ազգային օրակարգ» կուսակցությունը կարևոր դեր կկատարի ՀՀ քաղաքական դաշտում

Ես շատ ուրախ եմ այս կուսակցության ստեղծմամբ, որովհետև ճանաչում եմ անդամներից շատերին, գիտեմ իրենց տեսակներն ու անցած ուղին: Այս մասին «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացում հայտարարեց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ հույս հայտնելով, որ այս կուսակցությունը կարևոր դեր կկատարի ՀՀ քաղաքական դաշտում:

«Կուսակցություններն առաջանում են պայքարների ժամանակ: Ես կարծում եմ՝ առջևում շարունակվելու է պայքարն իրական ազգային-ժողովրդավարական պետություն կառուցելու, որը ժամանակակից է, արդիական է, բայց միևնույն ժամանակ խարսխված է մեր ազգային արժեքների վրա, և դատարկ դաշտը լցվելու է նոր և հզոր կուսակցություններով»,-ասած Մանուկյանն՝ ընդգծելով, որ, իր կարծիքով, «Ազգային օրակարգ»-ն այդպիսի կուսակցություն է դառնալու:

Հանրային խորհրդի նախագահն իր խոսքում ասաց նաև, որ եթե կուսակցության անդամները կարծում են, որ միայն կազմակերպչական աշխատանքով կկարողանան ինչ-որ մարդկանց ներգրավել և հետագա ընտրություններում դերակատարություն ունենալ, սխալվում են:

«Քաղաքականությունն անընդհատ պայքար է, պայքարը դժվար գործ է, և պայքարի ժամանակ քեզ մոտ առաջանում են հակառակորդներ: Շատ հզոր պետք է լինես, որ թույնով և ատելությամբ չլցվես հակառակորդների նկատմամբ: Եթե մի օր հաջողվի, որ դուք գաք իշխանության, ձեզ մյուս վտանգն է սպառնում՝ որ կարծեք, թե դուք ամենախելոքն եք, ամենակարողն եք, և քանի որ դուք մտածում եք պետության մասին, ժողովրդի մասին, կարող եք երբեմն օրենքները խախտելով դա անել, և վերցնել բանաձևը, թե նպատակն արդարացնում է միջոցները,-մեկնաբանեց Մանուկյանը՝ նշելով, որ կուսակցությանը  դժվարին ճանապարհ է սպասվում, և այդ ճանապարհը պետք է անցնել պատվով, հարգանքով և՛ իրենց, և՛ մյուսների նկատմամբ: