Խաղաղ օվկիանոսում նավի վրա մոտ 4000 մեքենա է այրվել (տեսանյութ)

Խաղաղ օվկիանոսում բռնկվել է բեռնատար մի նավ, որը տեղափոխելիս է եղել 3800 ավտոմեքենա։ Այդ մասին հաղորդել է «Associated Press»-ը։

198 մետր երկարությամբ «Sincerity Ace» նավի վրա հրդեհը բռնկվել է Ճապոնիայից Հավայան կղզիներ մեքենաների փոխադրման ընթացքում։ Նավի վրա եղել է անձնակազմի 21 անդամ։ Նրանցից 16-ը փրկվել են,  չորսին հայտնաբերել են ջրում, առանց կյանքի նշանների, մեկ անձի չի հաջողվել գտնել։

«Nissan» կոնցեռնում հաստատել են, որ նավը փոխադրելիս է եղել հիշյալ մակնիշի 3500 ավտոմեքենա։ Դրանցից բացի, նավում եղել է նաև ավելի քան 300 մարդատար մեքենա և շինարարական տեխնիկա։ Ընկերությունը տեղեկություններ չունի բեռի վիճակի մասին։ «Nissan»-ի ներկայացուցիչներն անհանգստանում են ծովայինների և փրկարարների կյանքի համար։

Նավի վրա բռնկված հրդեհի պատճառները մնում են անհայտ։ Նավն առ այսօր այրվում է և առանց անձնակազմի շարժվում հոսանքով։