Թուրքիայի արտգործնախարարը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը «ամոթալի» է անվանել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Նշվում է, որ Չավուշօղլուն Պոմպեոյի հետ քննարկել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը և Սիրիայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը քննադատել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը՝ այն անվանելով «ամոթալի»: Նա նշել էր, որ դա վրեժ էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։