ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսությունն ընթանում է, հույս կա․ Սերգեյ Լավրով

Ապրիլին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով ձևավորվել են «մի ամբողջ շարք հումանիտար միջոցների հեռանկարներ»։ Այս մասին հինգշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ բանակցությունների արդյունքներով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այն ժամանակ քննարկվում էին այդ թվում և պատանդ վերցված անձանց փոխանակման, զոհվածների մարմինների փոխանակման և լրագրողների փոխայցելությունների միջոցները, որպեսզի փոքր-ինչ լիցքաթավի իրադրությունը և վստահության մթնոլորտ ստեղծվի,- ասել է նա։- Լրագրողների գծով, որքան գիտեմ…, ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ երկխոսությունն ընթանում է, հույս կա»։

«Իրավիճակը պատանդ պահվող անձանց հետ կապված պակաս լավատեսական է, բայց մենք, այնուամենայնիվ, ելնում ենք այն բանից, որ պետք է առաջ շարժվել այս ուղղությամբ»,- ավելացրել է նախարարը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ելույթները նոյեմբերին նախատեսված ԵԱՀԿ խորհրդի շրջանակում՝ կարևոր է օգտագործել այն բանի համար, որպեսզի «ձևավորվի ավելի դրական մթնոլորտ» տարածաշրջանում հակամարտության իրավիճակում։ «Հենց դրա՝ դիրքորոշումները մոտեցնելու և փոխզիջման դուրս գալու համար են հարկավոր համանախագահների շարունակվող ջանքերը»,- ամփոփել է Լավրովը։