Եվ ուրեմն ովքե՞ր են սադրում հակահայկական տրամադրությունները Ղազախստանում

Կարագանդայում տեղի ունեցած զանգվածային ծեծուջարդի մասնակիցներից մեկը, ինչպես արդեն հայտնի է, սպանվել է դանակահարությամբ, կան վիրավորներ։ Երեք հոգի կալանավորված է, մեկը հետախուզվում է։

Կարծում եմ, ճիշտ ու օգտակար կլինի փորձել գլուխ հանել՝ իսկ ի՞նչ է կատարվել այնտեղ՝ այդ հանքափորային Կարագանդայում։ Ես ընդգծում եմ այդ հանգամանքը. չէ՞ որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում գրեթե ամենուր հանքարդյունաբերական քաղաքները միշտ եղել են նույնիսկ ծայրահեղ բազմազգ, ինտերնացիոնալիզմը այդպիսի քաղաքների բնակիչների, ինչպես ասում են, «արյան մեջ» է։

Թերևս ողջ ԱՊՀ-ի հայերին արդեն հայտնի է, որ 1-2 օր անց Ղազախստանի ինչ-ինչ շրջանակներ սկսեցին փորձել ազգամիջյան բախման երանգավորում տալ կարագանդյան ծեծկռտուքին և, բնականաբար, երիտասարդ ղազախի սպանությանը։ Այն մարդկանց, որոնք գիտեն, որ Կարագանդան հանքափորների քաղաք է, որտեղ դեռևս XX դարասկզբից մարդիկ սովոր են էթնիկական բազմազանության, արդեն միայն այդ հանգամանքը պիտի զգաստացներ։

Ռեստորանի մոտ ամանորյա գիշերը տեղի ունեցած այդ սպանությունից հետո Կարագանդայի մարզի հայկական սփյուռքը սոցիալական ցանցերում պաշտոնական հայտարարություն տարածեց։ Ոչ մեծ մեջբերում անեմ հունվարի 6-ի այդ հայտարարությունից. «Մենք՝ Կարագանդայի մարզի հայկական սփյուռքը, խորապես ցավում ենք հունվարի 1-ին երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպի համար, որը հանգեցրեց մարդկային զոհի։ Ցավոք, այդ միջադեպին մասնակցել են հայազգի անձինք։ Մենք վշտացած ենք և անկեղծորեն  խորին ցավակցություն ենք հայտնում զոհված երիտասարդի ընտանիքին ու մերձավորներին։ Բազմազգ Ղազախստանը դարձել է մեր հարազատ տունը։ Մենք երախտապարտ ենք ողջ ղազախ ժողովրդին բարության և մեզ համար բարդ տարիներին ցուցաբերած աջակցության համար։ Մեր եղբայրական ժողովուրդները միշտ ապրել են և կապրեն հաշտության ու խաղաղության մեջ։ Եվ մենք համարում ենք, որ հանցագործները պետք է պատժվեն անկախ ազգային պատկանելությունից»։

Սակայն, չնայած այս ամենին, ղազախ պանթյուրքիստները գրեթե հունվարի 1-ից սկսեցին սադրիչ հայտարարություններ և ազգամիջյան խտրականության կոչեր տարածել սոցցանցերում։ Դա հիշեցրեց ադրբեջանցի պանթյուրքիստներին, որոնք 1988 թվականին, Սումգայիթից առաջ և Սումգայիթից հետո «հեղափոխական պոռթկումով» ճղավում էին Ադրբեջանական այն ժամանակ դեռևս ԽՍՀ-ի գրեթե յուրաքանչյուր քաղաքում՝ «Մա՛հ հայերին»։ Պետք է ընդունել, որ Ղազախստանի իրավապահ մարմինները,  ի տարբերություն 1988-ին Ադրբեջանական ԽՍՀ-ի իրավապահ մարմինների, անհապաղ արձագանքեցին սադրիչ ու հրահրիչ կոչերին և հայտարարություններին։ Կարագանդայի մարզի դատախազությունը հաղորդեց ազգամիջյան խտրականություն հրահրելու համար «ՎԿոնտակտե» սոցցանցի օգտատիրոջ նկատմամբ քրեական գործի հարուցման մասին։ Շատերը թերևս հարցնեն՝ ինչո՞ւ եմ համառորեն գրում պանթյուրքիստներ, եթե դեռ նոր է ընթանում հետաքննությունը, և Կարագանդայում դանակակռիվ սադրելու մեջ կասկածվողներից ոչ բոլորն են ձերբակալված։ Բանն այն է, որ կան մի շարք գործոններ, որոնք անձամբ ինձ համար ծայրաստիճան պերճախոս են։

Եթե ոմանք հետևել են տոնական օրերին Ղազախստանից ստացվող հաղորդագրություններին, ապա, ամենայն հավանականությամբ, հետաքրքրվել կամ տարակուսել են՝ իսկ այդ ինչո՞ւ էին շարքային կարագանդացիները, այդ թվում նաև՝ զոհվածի մերձավոր հարազատները, առաջին օրերին փորձում քարուքանդ անել ադրբեջանական, ընդգծում եմ՝ ադրբեջանակա՛ն «Բաքու» սրճարանը։ Ստացվում է, որ զոհված երիտասարդի ընկերները, ազգականները և այլք ի սկզբանե գիտեին եթե անգամ ոչ մարդասպանի ով լինելը, ապա գոնե նրանց, ովքեր սադրել են բախումն ու դանակակռիվը։ Բայց այդ դեպքում ինչպե՞ս բացատրել Ղազախստանի իրավապահ մարմինների անգործությունը կամ պարզապես լռությունը։ Հարց է ծագում՝ իսկ Ղազախստանի իրավապահ մարմիններն արդյոք ստուգո՞ւմ են, թե ինչու էին կարագանդացիները մտադրվել ավերել ադրբեջանական «Բաքու» սրճարանը։ Այն, որ Աստանայում լռության են մատնում տվյալ փաստը, ինձ անձամբ զգաստացնում է։

Ոստիկանությունը «տաք հետքերով» ձերբակալեց ծեծկռտուքին մասնակից յոթ մարդու, որոնցից հինգը կալանավորվեցին, այդ թվում երկու հայեր՝ Մալխասյանները։ Ավելի ուշ հաղորդեցին, որ կալանքի տակ են մնացել երեքը՝ Մալխասյաններն ու մեկ ղազախ, իսկ ոմն Գուրուրյանը փախուստի մեջ է և նրա նկատմամբ հայտարարվել է հանրապետական հետախուզում։ Բայց դրանից կրքերը չհանդարտվեցին։ Ինչպես հունվարի 8-ին հաղորդեց Ղազախստանի ՆԳՆ փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը, այդ օրվա դրությամբ դատարանի սանկցիայով ութ մարդ տեղափոխվել է ժամանակավոր կալանքի մեկուսարան։ Ընդ որում, մեծամասնությունը՝ հաստատ ոչ հայեր։

Ի դեպ, հետախուզվող Գուրուրյանը օրերս իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդունել է իր մասնակցությունը ծեծկռտուքին, բայց միաժամանակ լիովին հերքել, թե ինքն է մարդասպանը։ Նա ասել է, որ պատրաստ է հանձնվել իրավապահ մարմիններին, պատրաստ է օժանդակել հետաքննությանը, բայց պահանջում է իշխանության կողմից անվտանգության երաշխիքներ և անաչառ հետաքննություն։ Ընդգծեմ՝ քանի որ Ղազախստանից ստացվող հաղորդագրություններից ոչ մեկում հիշատակում չկա այն մասին, թե Մալխասյաններն ու Գուրուրյանը Հայաստանի քաղաքացիներ են, իրավունք ունենք ենթադրելու, որ ուշադրության կենտրոնում հայտնվել են Ղազախստանի քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները։

Ղազախստանի հայերին, լավ հայտնի է, թե ինչի են ունակ ամբոխները։ Հիշեցնեմ, որ երբ դա պետք էր իշխանությանը, ղազախ ազգայնամոլները հակակովկասյան ջարդեր կազմակերպեցին Նովի Ուզեն (ներկայումս՝ Ժանաօզեն) քաղաքում 1989 թվականին։ Իսկ 90-ականներին եղան նույնիսկ հակաթուրքական տրամադրությունների բռնկումներ, այնուհետ՝ հակաթուրքական ելույթներ Ակտաուում (2006թ.) հակաչինական ելույթներ հենց նույն Նովի Ուզենում (2011թ.) և այլն։ Այդ թվում նաև՝ բազմաթիվ զոհերով ուղեկցված։ Այնպես որ Գուրուրյանն իրավացի է, վախենալով իր կյանքի համար։

Ուշադրության արժանի է նաև այն, թե որքան սադրիչ կերպով է լուսաբանվում Կարագանդայում տեղի ունեցած ողբերգությունը Ադրբեջանում։ Համացանցում կարող եք հետևել այդ հրապարակումներին ու համոզվել, որ Բաքվում, առանց որևէ հիմքի, գրում են՝ «հայերը մորթել են ղազախի»։ Եվ բոլորին հասկանալի է, թե ինչու ալիևյան իշխանությունը չի կասեցնում նման սադրիչ հրապարակումները։ Միանգամայն տեսանելի է փոխադարձ հստակ կապն այն փաստերի միջև, որ ամենասկզբում կարագանդացիները մտադիր էին ոչնչացնել ադրբեջանական «Բաքու» սրճարանը, և այն հանգամանքի, թե ինչպես են Բաքվի ԶԼՄ-ները լուսաբանում Կարագանդայի միջադեպը։

Սերգեյ Շաքարյանց