Սահմանվեց ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձի չափը․ Կառավարությունը ընդունեց որոշման նախագիծ

Կառավարության որոշմամբ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձևը կփոխվի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ըստ գործող բանաձևի՝ դպրոցների տարեկան հասանելիք գումարը որոշվում է սովորողների թվից կախված:

Արայիկ Հարությունյանի խոսքով, նոր փոփոխություններով առաջարկվում է փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք ընդունել նաև դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը: Ըստ նախարարի, թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչև 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչև 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչև 207 սովորող, վարժարան և ավագ դպրոցը՝ մինչև 135 սովորող:

Նա ընդգծեց, որ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի:

Նախարարը հավելեց, որ եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով:

Հարությունյանի փոխանցմամբ, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150-160 հազար դրամի: