ՀՔԾ-ն թույլատրել է Արսեն Բաբայանի տեսակցությունը երեխաների հետ

Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կնոջ ուղեկցությամբ նրա երեխաների տեսակցությունը հոր հետ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ  Արսեն Բաբայանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՔՕ-ի 300-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ: Արսեն Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը հայտարարություն տարածեց, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, քննության շահերից ելնելով, արգելանք է դրված կալանավորված անձ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա: