Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են․ Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին, պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերություններն ակտիվացել են և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում տարբեր բնագավառներում:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացների հաստատուն առաջընթացի գործում Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, արձանագրվել են պաշտպանության ոլորտում համագործակցության լայն հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և առկա հակամարտությունների կարգավորմանը վերաբերող այլ հարցեր: