Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր

Արցախում մեկնարկել է զորակոչը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, հունվարի 9-ին ՊԲ-ի կենտրոնական հավաքակետում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն՝ նվիրված 2019թ․ ձմեռային զորակոչի մեկնարկին:

ՊԲ-ում ծառայությունն ավարտող ավագ եղբայրներին փոխարինելու եկած առաջին նորակոչիկներին շնորհավորելու և իրենց խորհուրդներն ու մաղթանքները փոխանցելու էին եկել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Շնորհավորելով օրվա հերոսներին հայրենիքի պաշտպանի` սահմանադրությամբ իրենց վերապահված առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, նորակոչիկների արագ հարմարման և լիարժեք զինվորականներ դառնալու համար, հանգամանք, որը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մարտահրավերներին հաջողությամբ դիմագրավելու կարևոր նախապայմաններից է:

Միջոցառման ավարտին, բանակի հրամանատարն ու բոլոր ներկաները շփվել են նորակոչիկների հետ, հետաքրքրվել ծառայության առաջին տպավորություններով և առկա խնդիրներով: Կարեն Աբրահամյանը բոլոր զինակոչիկներին անձամբ հանձնել է զինվորական աղոթագրքեր, որից հետո ներկա գտնվել նաև ծառայության հետագա վայրերի ընտրության նպատակով կազմակերպված վիճակահանությանը: