Մասիս Մայիլյանը ներկա է գտնվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։ Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Քվեարկությունից հետո նախարար Մայիլյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ ու երախտագիտություն հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի և պատմական որոշման ընդունման գործում առանցքային ներդրման համար։

Քննարկմանը ներկա էին նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի, ինչպես նաև հայկական համայնքի և հոգևոր դասի ներկայացուցիչներ։