Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում դատապարտումն ու ժխտողականությունը դարձել է քաղաքական նպատակահարմարության հարց

Ցեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը, այսպես ասած «crime of the crime», որը խոր ազդեցություն է գործել մարդկային խղճի վրա: Այն իր մեջ ներառում է ծանր հանցագործությունների գրեթե ամբողջ ցուցակը`սպանություն, բռնաբարություն, երեխաների սպանություն, ստրկավաճառություն, բռնի տեղահանում, ուրիշի գույքին ապօրինի տիրացում կամ ոչնչացում, մշակութային արժեքների ոչնչացում և այլն. մի խոսքով`այն իր մեջ ներառում է համարյա ամբողջ քրեական օրենսդրությունը:

Ցեղասպանությունը, իսկ որոշ երկրներում նաև ցեղասպանության ժխտումը, ընդգրկված է քրեական օրենսդրություններում: Ուստի ցեղասպանությունը նախ և  առաջ ոչ թե պատմական երև ույթ է, այլ իրավական խնդիր:

Ինչպես առանձին անձանց սպանությունը, այնպես էլ ցեղասպանությունը չի կարող որև է կերպ արդարացվել ինչ-ինչ դրդապատճառներով: Մի ամբողջ ժողովրդի սպանությունը և, թերևս ամենասուրբ իրավունքից` կյանքի իրավունքից զրկումը, ուղղված է ոչ միայն զոհ դարձած ժողովրդի, այլև  համայն մարդկության դեմ` վտանգի տակ դնելով ցանկացած ժողովրդի կամ նրա մի մասի գոյության, կյանքի և  արժանապատվության իրավունքը:

Ցեղասպանությունների ժխտման քրեականացումը երբեմն գնահատվում է որպես խոսքի ազատության սահմանափակում: Սակայն խոսքի ազատության իրավունքը չպետք է ուղղված լինի այլ իրավունքների ոչնչացմանը կամ արժեզրկմանը, իսկ ցեղասպանության ժխտումը ոտնահարում է միջազգային բոլոր հումանիտար արժեքները և ոտնահարում ցեղասպանության զոհ դարձածների ու նրանց հետնորդների արժանապատվության, սոցիալական արդարության վերականգնման իրավունքները:

Ցավոք, ցեղասպանությունների դեմ պայքարը ժամանակակից աշխարհում չափից ավելի քաղաքականացված է, որը հնարավորություն չի տալիս իրագործել ժխտողականության դեմ պայքարի, սոցիալական արդարության և  խեղված իրավունքների վերականգնման, ինչպես նաև  ցեղասպանության վտանգի տակ հայտնվող ազգային և  կրոնական փոքրամասնությունների արդյունավետ պաշտպանության ու անվտանգության հարցերը:

Ցեղասպանություն վերապրած ժողովուրդները, կարծում եմ, պետք է զգան համաշխարհային հանրության միանշանակ աջակցությունն այս հարցում, թեկուզև  դա միայն իրենց խնդիրը չէ:

Ժամանակակից աշխարհի ուշադրության հարց է միասնական անվտանգությունն ու օրեցօր ահագնացող սպառնալիքների դեմ պայքարը, պետությունների հակաահաբեկչական ջանքերն ու դրանց միավորման անհրաժեշտությունը: Եվ տրամաբանական է, որ այս պարագայում պետք է ճանաչվեն ու դատապարտվեն բոլոր տիպի ցեղասպանական հանցագործությունները:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում մենք հաճախ են լսել հետևյալը․ «Այո հայոց ցեղասպանությունը եղել է, մենք դա չենք ժխտում, բայց մենք ունենք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ»: Իսկ ինչ է, այն մի քանի տասնյակ պետությունները, ովքեր ճանաչել և  դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, չունե՞ն արդյոք լավ հարաբերություններ Թուրքիայի հետ: Կամ ներկայումս ի՞նչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ, արդյո՞ք դա ցեղասպանության սպառնալիք չէ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Կամ այն, ինչ տեղի է ունեցել և  շարունակվում է ունենալ Մերձավոր Արևելքում, ԻԼԻՊ-ի կողմից ցեղասպանական ակտեր չե՞ն այնտեղ բնակվող կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:

Ցեղասպանությունների կանխարգելման համար պայքարում դատապարտումն ու ժխտողականությունը դարձել է քաղաքական նպատակահարմարության հարց, ինչի փայլուն դրսևորումն է ԱՄՆ-Թուրքիա ներկայիս հարաբերությունները։

Անվտանգ ու խաղաղ ապրելն այսօր դարձել է բոլոր ժողովուրդների ու պետությունների առաջնահերթությունը: Մարդկության պատմությունը արյան գնով հաղթահարել է բազմաթիվ էջեր, ինչպիսիք են Օսմանյան կայսրությունը, որը չարիք դարձավ հույների, ասորիների, հայերի, Փոքր Ասիայի և  Արևելյան Եվրոպայի մյուս ժողովուրդների համար, ֆաշիզմը՝ որը չարիք դարձավ հրեաների և  Եվրոպայի շատ ժողովուրդների համար, տարբեր տիպի ռեժիմներն ու ահաբեկչական խմբավորումները, որոնց գործողությունների թիրախում հայտնվեցին Դարֆուրի, Կամբոջայի, Ռուանդայի ժողովուրդները և  այսօր էլ շարունակում են գտնվել տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունները Մերձավոր Արևելքում:

Սրանք մարդկության պատմության կողմից բացթողնված կամ որոշ դեպքերում ցավոք՝ անտեսված էջեր են, որոնց անդրադառնալը մեծ անհրաժեշտություն է:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Ուշացած, բայց երկար սպասված ճանաչումՑեղասպանությունը համարվում է միջազգային ամենազազրելի հանցագործություններից մեկը,…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Вторник, 29 октября 2019 г.