ՌԴ նախագահը խոստացավ և պահեց իր խոսքը. Փաշինյանը՝ Ղամիշլիի հայերի անվտանգությունն ապահովելու մասին

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին, որ հաշվի են առնվել այս տարածքում բնակվող հայերի անվտանգության հարցերը: Հուսով ենք, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն պաշտպանվել։ Վարչապետն այս մասին ասել է «Կոմերսանտ» թերթին տրված հարցազրույցում:

«Սիրիայի հյուսիսում կա Ղամիշլի քաղաք: Այնտեղ բնակվում է մոտ երեք հազար հայ: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ: Մենք մտահոգություններ ունեինք, և ես խնդրեցի Ռուսաստանի նախագահին անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաշվի առնվի կոնկրետ Ղամիշլիի հայերի ճակատագիրը: Այն ժամանակ Թուրքիայի ներխուժման պատճառով այնտեղ լարվածությունը շատ մեծ էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին նրա համար, որ արդյունքում հաշվի են առնվել այս տարածքում բնակվող հայերի անվտանգության հարցերը: Հուսով ենք, որ ձեռքբերված պայմանավորվածությունները կիրականացվեն, և հայերի անվտանգության շահերը կշարունակվեն պաշտպանվել»:

ՀՀ վարչապետը հավելել է, որ Սիրիայում Ռուսաստանը շոշափելի ներկայություն ունի:  «Նրա դերն անվտանգության ոլորտում բավականին մեծ է: Ռուսաստանը շատ լծակներ ունի, որպեսզի նպաստի հայերի անվտանգությանը: Հայաստանը նույնպես առաքելություն ունի Սիրիայում: Սակայն մեր առաքելությունը մարդասիրական է, և այն ոչ մի կապ չունի անվտանգության խնդիրների հետ: Մենք շատ ուրախ ենք, որ այնտեղ իրականացնում ենք այդպիսի մարդասիրական առաքելություն»,- ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, որ Հայաստանը Ռուսաստանից բացի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ միակ երկիրն է, որն իր ներկայացուցիչներին ուղարկել է Սիրիա, վարչապետը պատասխանել է․ «Այո, և դա մեզ համար շատ կարևոր առաքելություն է: Ես այն համարում եմ պատմական: Այն հաջողությամբ շարունակվում է իրականացվել»:

Հարցին՝ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ Ռուսաստանը երաշխավորո՞ւմ է սիրիահայերի անվտանգությունը, ՀՀ վարչապետը պատասխանել է․ «Ռուսաստանի նախագահը խոստացավ և պահեց իր խոսքը: Նա ասաց, որ բանակցությունների ընթացքում հաշվի կառնվեն Ղամիշլիի հայության շահերը: Ես նրան տեղեկացրի, որ այնտեղ կա հայկական մեծ համայնք: Մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունը կոնկրետ դրական հետևանքներ ունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: