Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2020թ․բյուջեում նախարարություններին տրված ֆինանսական հատկացումները

Ազգային ժողովում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Հիմնական զեկուցող Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով այս նախագծում նշված ցուցանիշները՝ ասաց, որ ներկայացված նախագծում Հայաստանի համայնքների բյուջեների ընդհանուր եկամուտները՝ ներառյալ պետական բյուջեից հատկացումները, կկազմեն 146 միլիարդ դրամ, և այս ցուցանիշը նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ՝ ավելի է 3 միլիարդ դրամով։

Ֆինանսների նախարարը ներկայացրեց մի շարք նախարարություններին տրված ֆինանսական հատկացումների չափը՝ դրանք համեմատելով ընթացիկ տարվա բյուջեի ցուցանիշների հետ։

«Պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների կամ դոտացիաների չափը 2020 թվականին նախատեսված է 55,4 միլիարդ դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության համար այս նախագծով նախատեսված է հատկացնել 304 միլիարդ դրամ, նախատեսվում է այդ գումարով իրականացնել 117 միջոցառում։

Շրջակա միջավայրի նախարարությանը 2020 թվականի բյուջեի նախագծով  հատկացված է 6,8 միլիարդ դրամ, որը նույն մակարդակի է, ինչ 2019 թվականին էր։

Գյուղատնտեսության բնագավառի համար գումար է հատկացվել էկոնոմիկայի նախարարությանը՝ 33.2 միլիարդ դրամ, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ավելի հստակ՝ 11 միլիարդ դրամով»,- ներկայացրեց Ատոմ Ջանջուղազյանը։