Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Սորոս պապին, ԿՀՎ-ի և «Մոսադ»-ի ղեկավարները Բաբաջանյանի աչքերը պաչե՞լ են կամ ունե՞ն այդպիսի ցանկություն

Հոկտեմբերի 27-ի գլխավոր ոճրագործը կամ ոճրագործների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, ինչպես արդեն հայտնի է, իրեն պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով դիմում է գրել: Հետաքրքիր է` Հայաստանում քանի՞ մարդ է մտածում, թե ինչո՞ւ հատկապես հիմա…

Նաիրի Հունանյանը վաղուց արդեն պետք է համոզված լիներ ու, կարծում եմ, համոզված էր, որ ազատության մեջ հայտնվելու հույս չի կարող ունենալ:

«Իրավասու չեմ հրապարակելու այն դիմումների բովանդակությունը, որոնցով պարբերաբար տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ դրանք ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել, թեպետ՝ բազում անգամ, պաշտոնի բերումով, այցելել եմ «Երևան» ՔԿՀ,- «Ֆեյսբուք»-ի իր էջում օրերս գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:- Լիահույս եմ, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ նրա դիմումը քննարկելիս և, ընդհանրապես՝ նրա «ադեկվատության», մասնավորապես իր արարքի ու իր անձի մասին սեփական մտածումների առնչությամբ համարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից, իրավասու պաշտոնյաները կուսումնասիրեն նաև հիշյալ և նրա այլ դիմումները»:

Հիմա, սակայն, Նաիրի Հունանյանի մոտ հանկարծ հույս է արթնացել… Կարելի է ենթադրել, որ նրան եթե չասենք երաշխիք, ապա գոնե խոստում է տրվել, որ որոշակի գործարքի դիմաց դիմումը բավարարվելու է: Կարծում եմ, ինքներդ էլ կարող եք անսխալ հետևություն անել, թե ինչ գործարքի մասին է խոսքը, և ով է անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով, միջնորդավորված կերպով այն առաջարկել Հունանյանին: Զոմբիներին հարկ կա՞ բացատրելու, թե իր ազատության դիմաց ինչ ստորության է ունակ Նաիրի Հունանյանը…

«Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ շուրջ երկու ժամ առանձնազրույց ունեցա Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում հոկտեմբերի 24-ին գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Դարձյալ հարց է առաջանում` 20 տարվա մեջ ինչո՞ւ առաջին անգամ հիմա… Եվ ոչ թե, ասենք, 2018թ. կամ 2019թ. անցած ամիսներին: Ընդհանրապես ի՞նչն է դրդել պատգամավորին հանդիպել ոճրագործին, որը կամ որո՞նք են ահաբեկչական խմբի պարագլխի հետ հիմա հանդիպելու դրդապատճառը (դրդապատճառները) և նպատակը (նպատակները):

Հարցերը, սակայն, վերոնշյալներով չեն սահմանափակվում. ահաբեկչության ու մնացյալի համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը կարո՞ղ է, ասենք, Թրամփը, Սորոսը կամ Հռոմի Պապն էր, որ Բաբաջանյան Արմանը հարկ է համարել նշել նրա հետ առանձնազրույցի տևողությունը` շուրջ երկու ժամ, կարծես թե դա իր համար մեծ պատիվ է: Սա առանձնապես զարմանալի չէ, եթե նկատի ունենանք, որ իր վերոնշյալ ֆեյսբուքյան գրառումից հետո, երբ շատերը սկսեցին քննադատել Բաբաջանյանին, նա օգտատերերից մեկի՝ Մարինե Մանուչարյանի մեկնաբանության տակ գրել է. «Նաիրին ավելի քան ադեկվատ է: Շատերիցդ ադեկվատ»:

Իսկապե՞ս, պարոն Բաբաջանյան… Ավելի քան ադեկվատ, շատերիցս ադեկվատ լինելո՞վ է, որ իր ղեկավարած ահաբեկիչների խմբի հետ կատարեց հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը… Գուցե հենց դա՞ եք ուզում ասել, եթե այո, ապա մի՛ քաշվեք, մի՛ ամաչեք, համարձակություն ձեռք բերեք և ասեք, հիմա ամոթի դար չէ. ամոթն ու բարոյականությունը այժմ մոդայիկ չեն, ցավոք, հատկապե՛ս «նոր Հայաստանում» այլևս արխայիկ են:

Հետաքրքիր է`Կարեն Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին և այլոց գնդակահարած ահաբեկիչների պարագլխին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում տեսնելու, նրա հետ երկժամանոց առանձնազրույցի համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, իսկ արտերկրում, ասենք, Սորոս պապին, ԱՄՆ-ի ԿՀՎ-ի և իսրայելական «Մոսադ»-ի ղեկավարները Բաբաջանյանի աչքերը պաչե՞լ են կամ ունե՞ն այդպիսի ցանկություն:

«20 տարի հետո մեր երկրի քաղաքական ընթացքը շրջած կրակահերթերի միջոցով քաղաքական անձնավորությունը ունի հնարավորություն դիմելու ազատ արձակվելու, պետությունն էլ ունի ընթացակարգ, թե այդ ցանկությունը ինչպես իրացվի». սա հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում նույն Անդրանիկ Քոչարյանի ասածն է:

Ուրեմն, պարզվում է, Անդրանիկ Քոչարյանի համար Նաիրի Հունանյանը ոչ թե ահաբեկիչ, ոճրագործ, ահաբեկչական խմբի պարագլուխ ու դատապարտյալ, այլ քաղաքական անձնավորություն է (լավ է՝ չի ասել քաղաքական առաջնորդ), որը մեր երկրի քաղաքական ընթացքը շրջել է: Եթե Անդրանիկ Քոչարյանը համապատասխան ապացույցներով, հիմնավորումներով չներկայացնի, թե մինչև 1999թ. հոկտեմբերի 27-ը ո՞րն էր մեր երկրի քաղաքական ընթացքը, հոկտեմբերի 27-ից հետո այդ քաղաքական ընթացքի շրջվելը ներքին և արտաքին քաղաքականության բնագավառներում որոշակիորեն ինչպե՞ս է արտահայտվել, ապա ինքնին պարզ կդառնա, որ նա դիմել է կեղծիքի, հնարավոր է, ստոր, նենգ ու հեռուն գնացող նպատակներով:

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին բարեկիրթ է համարել, կարելի՞ է զարմանալ, որ Արման Բաբաջանյանը Նաիրի Հունանյանին ավելի քան ադեկվատ, շատերիցս ադեկվատ է համարում, իսկ Անդրանիկ Քոչարյանը` քաղաքական անձնավորություն…

Նույն ճեպազրույցում Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, ասել է նաև, որ ինքը պատրաստ է Նաիրի Հունանյանին տեսնել ազատության մեջ, եթե նա համագործակցի նախաքննական մարմնի հետ, անշուշտ, անտեսելով, որ քրեական գործը վաղուց կարճված է և տվյալ գործով նախաքննական մարմին այլևս չկա: Քոչարյանի ասածն ի՞նչ է, եթե ոչ Նաիրի Հունանյանին գործարքի առաջարկում: Ու պարզ է, չէ՞, թե ինչ գործարքի…

Եթե Նաիրի Հունանյանը ահաբեկչության կազմակերպիչների մասով ինչ-որ բան իմանար կամ ասելիք ունենար, ապա տրամաբանական է, որ այդ մասին կասեր, երբ ՀՀ վարչապետը Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն էր, իսկ գլխավոր դատախազը`Ռոբերտ Քոչարյանի հակառակորդ Լևոն Տեր-Պետրոսյանի սիրելի Գագիկ Ջհանգիրյանը: Ո՞վ է կասկածում, որ նմանաբնույթ մեկ այլ գործարք (ահաբեկիչների պարագլխի վիճակը գոնե թեթևացնող, նրան սպասվող պատիժը գոնե մեղմող) դեռ այն ժամանակ է Նաիրի Հունանյանին առաջարկվել, սակայն ապարդյուն, քանի որ Հունանյանն ասելիք չի ունեցել: Կամ կա՞ մեկը, որը մտածում է, թե քննիչներն Հունանյանին այն ժամանակ մեղմորեն, քաղաքավարորեն են քննել, դրա համար չի ասել…

168.am-ի խնդրանքով թեմային անդրադառնալով, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Նաիրի Հունանյանի առնչությամբ ասել է` «…ինքն ինչ ասես՝ կարող է ասել. եթե նա այն ժամանակ գնացել է այդ քայլին, ինքը պատրաստ է յուրաքանչյուր քայլի: Ինքն այն էակն է, որն իր ազատ արձակվելու, ուրիշին ոչնչացնելու համար ունակ է ամեն քայլի»:

Դարձյալ ըստ 168.am-ի, «Ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանի կարծիքով, սակայն, Նաիրի Հունանյանին ազատելու հարցը չպիտի զարմացնի. «Եթե այս իշխանություններն ազատություն պարգևեցին պետական կարևորագույն կառույցի վրա հարձակված, երեք պետական ծառայողների սպանած հանցագործներին, ազատություն տվեցին, ինչո՞ւ ոչ՝ կազատեն նաև պետական կառույցը ոչնչացրած, կարևորագույն այրերին ոչնչացրած մարդկանց»:

Վ. Հովհաննիսյանի համար զարմանալի չէ նաև այն, որ հենց Արման Բաբաջանյանն է գնացել տեսակցելու և հայտարարել, որ Ն. Հունանյանն ադեկվատ է. «Ես այստեղ տեսնում եմ քաղաքական-իրավական հետագա դավադրության նուրբ մշակված ծրագրի առաջին քայլերը: Եթե այսօր հայտարարում են, որ ադեկվատ է, ինչ-որ բան նախապատրաստում են»»:

Արթուր Հովհաննիսյան