Սոչիի հուշագիրը «չավարտեց» պատերազմը Սիրիայում, սակայն «պարտություն բերեց» Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած հանդիպման մասին տեղեկատվական հաղորդագրություններն ու հոդվածները շատ էին: Ոչինչ չենք մեջբերելու: Միանգամից ասենք` Սիրիայում պատերազմը չի ավարտվում այս փաստաթղթով: «Քրդական հարցը» նույնպես չի լուծվում: Սա նախնական համաձայնագիր է՝ զսպելու Հյուսիսային Սիրիայում թուրքական ագրեսիայի հնարավոր շարունակությունը, ոչ ավելին։

Մենք արդեն գրել էինք, որ Սոչի ժամանելուց առաջ Էրդողանն իրեն թույլ է տվել մեղադրել Իրանին «դավաճանության» մեջ: Կարելի է հասկանալ, թե որքան ծանր տրամադրությամբ էր Թուրքիայի նախագահը գնում Ռուսաստան. հոկտեմբերի 22-ին նրան հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու Իրանը հեռախոսային խորհրդակցություններ են անցկացրել, Իրանի դեսպան Մեհդի Սանային ՌԴ ԱԳՆ-ում հանդիպում է ունեցել ԱԳՆ փոխնախարար և Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում ՌԴ հատուկ բանագնաց Միխայիլ Բոգդանովի հետ: Այսինքն Էրդողանը գիտեր, որ Մոսկվան և Թեհրանը համաձայնեցրել են դիրքորոշումները սպասվող բանակցությունների օրակարգի վերաբերյալ: Ավելին, նա տեղեկացավ, որ հոկտեմբերի 22-ին Պեկինում անցկացվող Սյանշանյան անվտանգության ֆորումի շրջանակներում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մեհդի Ռաբբանին հայտարարել է, որ ռուս-իրանական համագործակցությունն անվտանգության ոլորտում կնպաստի Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանը և կօգնի ոչնչացնել «Հոբսի՝ «բոլորը բոլորի դեմ» պատերազմական իրավիճակը»։

Այսպիսով, Էրդողանը լավատես չէր, չնայած ժպտում էր Պուտինի հետ հանդիպման ժամանակ «Բոչարով Ռուչեյ» նստավայրում: Բանակցությունները միանշանակ բարդ էին Թուրքիայի նախագահի համար: Ռուսական կողմի համար էլ հեշտ չէր: Դա երևում էր Պուտինի հոգնած դեմքից և զգացվում էր այն խիստ, կոշտ տոնից, որով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընթերցում էր Սիրիայի վերաբերյալ Հուշագրի ռուսերեն տեքստը: Էրդողանը կարծես թե ուրախ էր, բայց նրա հայացքը միևնույն ժամանակ ասում էր մոտավորապես հետևյալը. «Եվ ի՞նչ եմ ասելու, երբ վերադառնամ Անկարա»: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Պաշտպանության նախարարության արձագանքը ցույց տվեց, որ այդ երկրի ռազմական ոլորտում կան որոշակի շրջանակներ, որոնցից վախենում է Էրդողանը. թուրք զինվորականները «բացատրել են» «Խաղաղության աղբյուր» գործողությունը շարունակելու անհրաժեշտության բացակայությունը նրանով, որ ԱՄՆ արդեն իսկ իբր «հանել է քրդերին» թուրք-սիրիական սահմանից։ Սուտ է, աշխարհը տեսանյութեր է տեսել սահմանային գոտուց, այստեղ եկած Սիրիայի արաբական բանակի մարտիկներին և Ռուսաստանի ռազմական ոստիկանությանը դիմավորում էին ինչպես քուրդ խաղաղ քաղաքացիներ, այնպես էլ քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) զինված մարտիկները, որոնք, սակայն, երաշխիքներ էին տվել Դամասկոսին և Մոսկվային, որ հետ կքաշվեն սահմանից 30 կմ: Աշխարհը տեսել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և քուրդ հրամանատարներից մեկի միջև հեռուստակամուրջը անմիջապես Աին ալ-Արաբից (Քոբանիից), որն այդքան շատ էին ուզում գրավել թուրքերը:

Հիմա պարզ է, որ Թուրքիան տանուլ է տվել «քրդական քարտի» իր մասը, ինչպես նաև  Հյուսիսային Սիրիայի անեքսիայի հետ կապված իր բոլոր ծրագրերը: Կարևորն այն է, որ ոչ ոք չի թողնի թուրքերին ոչ թուրք-սիրիական սահմանից հարավ, ոչ Եփրատ գետից արևելք, ոչ էլ Սիրիա-իրաքյան սահմանին: Էլ-Քամիշլիի հայ-քրդական խառն բնակչությամբ քաղաքը Պուտինի կողմից ընդհանրապես դուրս է մղվել «թուրքական ցուցակից»․ սա հատկապես շեշտվում է Հուշագրի մեջ: Այսպիսով, Սիրիայի վերաբերյալ Սոչիի հուշագիրը, ինչպես ասում էր Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար փոխծովակալ Ալի Շամխանին՝ «ԱՄՆ կողմից կազմակերպված դավադրության (որն ուղղված է Մերձավոր Արևելքում «Իսլամական Պետությունը» վերակենդանացնելուն») ծրագրի ձախողման արձանագրումն է: Հիշեցնենք, որ հենց այսպես է Իրանը պաշտոնապես բնութագրել Թուրքիայի ագրեսիան սիրիական քրդերի դեմ:

Շարունակենք հետևել իրավիճակին: Կասկածներ կան, որ թուրքերն ու ամերիկացիները կփորձեն ահաբեկիչների ձեռքերով խափանել ռուս-թուրքական Հուշագրի իրականացումը: Օրինակ՝ արդեն հոկտեմբերի 23-ին Էլ-Քամիշլիում ահաբեկչություն է իրականացվել: Ճիշտ է՝ ոչ ոք չի զոհվել: Բայց ո՞վ ասաց, որ ահաբեկչությունը նպատակ չուներ սիրիական քրդերին «մղել» վրեժխնդիր գործողությունների՝ թուրքերի և թուրքամետ ահաբեկիչների դեմ: Հենց այդպես են խափանվում խաղաղության պայմանագրերը, հրադադարի հուշագրերը… Նշենք, որ Էլ-Քամիշլիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը չի ցնցել Ռուսաստանի և Իրանի վճռականությունը. հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը պահանջել է, որպեսզի ԱՄՆ դուրս գա Սիրիայի հարավային սահմաններից և ոչնչացնի Էթ-Թանֆ քաղաքի ռազմաբազան: