Թուրք վերլուծաբանը խորհուրդ է տալիս չհավատալ այն տեսիլքին, թե Ռուսաստանն ու Թուրքիան դառնալու են ռազմավարական գործընկերներ

Թուրք վերլուծաբան Ջենք Բաշլամըշն ուշագրավ հոդված է հրապարակել ռուս-թուրքական հարաբերությունների մասին, որտեղ բավականին հետաքրքիր դիտարկումներ և կարծիքներ է հայտնում։

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, վերլուծելով վերջին շրջանում ռուս-թուրքական համագործակցությունը հատկապես Սիրիայի ճգնաժամի շրջանակներում՝ վերլուծաբանը խորհուրդ է տալիս չհավատալ այն տեսիլքին, թե Ռուսաստանն ու Թուրքիան դառնալու են ռազմավարական գործընկերներ։ Նրա կարծիքով Ռուսաստանն ամեն կերպ փորձելու է թուլացնել Թուրքիայի դիրքերը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ թեև թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների համատեքստում ռուս-թուրքական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են, այնուամենայնիվ այդ ամենը չի հանգեցնելու այն բանին, որ երկու երկրները դառնան ռազմավարական գործընկերներ։

Ռազմավարական գործընկերներ դառնալու համար Ռուսաստանին խանգարում է մի քանի հանգամանք, որոնցից մեկը պատմական դառը փորձն է։ Հեղինակը հիշեցնում է, որ երկու երկրներն իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար բազմիցս պատերազմել են իրար դեմ։

«Ճիշտ է, եղել են դեպքեր, երբ երկու երկրները նաև համագործակցել են, սակայն դա ռազմավարական բնույթ չի ստացել։ Երբ նրանց շահերը համընկել են, նրանք համագործակցել են, իսկ երբ այդ շահերն անհետացել են, երկու երկրները հայտնվել են հակադիր բևեռներում»:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամի շրջանակներում ռուս-թուրքական հարաբերություններին՝ թուրք վերլուծաբանը գրում է, որ այս պահին պայմաններն են թելադրում, որ տեղի ունենա ռուս-թուրքական համագործակցություն։ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ Սիրիայում պայմաններ թելադրողի դերում Ռուսաստանն է և առանց ռուսական կողմի թույլտվության՝ Անկարան ոչինչ անել չի կարող։ Մյուս կողմից, ըստ հոդվածագրի, Ռուսաստանը հասկանում է, որ Սիրիայում կայունություն ապահովելու համար Թուրքիային պետք է «պահել մոտիկ» և ինչո՞ւ ոչ, երբեմն կատարել թուրքական կողմի պայմանները, ինչպես դա եղավ վերջերս, երբ Թուրքիան քրդերի դեմ ռազմական գործողություն սկսեց։

«Պատկերացնենք, որ Թուրքիան իրականում հրաժարվում է Արևմուտքից. ի՞նչ է անելու Ռուսաստանը նման պայմաններում»,- հարցադրում է անում հեղինակը։

Բաշլամըշի խորին համոզմամբ՝ Ռուսաստանին ձեռնտու չէ Թուրքիայի և Արևմուտքի միջև հարաբերությունների վերջնական վատթարացումը։ Ըստ նրա՝ Մոսկվային ձեռնտու է այն վերելքները և վայրէջքները, որոնք առկա են Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում։

Նրա կարծիքով, որքան էլ Ռուսաստանը հավակնոտ հայտարարություններ անի, միևնույն է, Մոսկվան ցանկանում է, որ ներկայիս միջազգային դասավորվածությունը պահպանվի։ Մոսկվան շատ լավ գիտի, որ չունի  այնքան ներուժ, որպեսզի նորովի վերադասավորի աշխարհը։

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Ռուսաստանը Թուրքիային գրկաբաց սպասում է, ապա նա սխալվում է։ Ավելի շատ են սխալվում նրանք, ովքեր մտածում են, թե Ռուսաստանը մոռացել է ինքնաթիռի հետ կապված միջադեպը։ Այս ամենի համար կան շատ պարզ պատճառներ։ Ռուսաստանը Թուրքիային չի համարում «իրենը», ինչը չես ասի Ուկրաինայի, Հայաստանի, Ղազախստանի կամ նույնիսկ Ադրբեջանի դեպքում։ Այդ երկրները, որոնք երկար ժամանակ մնացել են ռուսական մշակույթի ազդեցության տակ, Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր անցյալ։ Իսկ Թուրքիան ռուսների համար օտար է և այդպիսին էլ կմնա»։