Հնդկաստանը տիեզերակայան կարձակի դեպի Արեգակ

Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը մտադիր է 2020 թվականին արձակել Արեգակի ուսումնասիրության համար նախատեսված «Aditya-L1» տիեզերակայանը։ Գիտարշավի գլխավոր նպատակն է՝ հետազոտել արևապսակը, քրոմոլորտն ու արեգակնային ճառագայթումը տարբեր տիրույթներում։

Ինչպես հաղորդում է «OneIndia» լրատվական կայքը, ծրագրվում է սարքը հալո-ուղեծիր դուրս բերել Արև-Երկիր համակարգի Լագրանժի L1 կետում՝ Երկրագնդից մոտ 1,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Այդ կետում ավտոմատ կայանը կարող է անշարժություն պահպանել Երկրի և Արևի նկատմամբ, այդտեղ երբեք չեն լինում արևի խավարումներ, կարելի է անարգել հետևել լուսատուին և արձանագրել արեգակնային ճառագայթումը։

Այդ առաքելության նախապատրաստմանը մասնակցում են նաև Բանգալորի աստղաֆիզիկայի ինստիտուտը, Պունայի Աստղագիտության և աստղաֆիզիկայի համալսարանական կենտրոնը, երկրի այլ գիտական կենտրոններ ու մի շարք մասնավոր ընկերություններ։

Ավելի վաղ News.ru-ն գրել էր այն մասին, որ Հնդկաստանը պատրաստվում է առաջին անգամ մարդ ուղարկել տիեզերք։ Սեփական առաջին օդաչուավոր առաքելությունը երկիրը մտադիր է իրականացնել 2022 թվականին։ Իսկ 2018թ․ փետրվարից, ինչպես տեղեկացրել է «Ռամբլեր» գործակալությունը, Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը սկսել է նախագծել և Երկրի ուղեծիր արձակման նախապատրաստել «AstroSat-2» տիեզերական նոր աստղադիտարանը։