ԱՄՆ-ում զգուշանում են ռուսաստանյան «Ավանգարդ» հրթիռներից

Ամանորի նախաշեմին ՌԴ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հրամանով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ անցկացրեց «Ավանգարդ» հիպերձայնային նորագույն համալիրի հրթիռի փորձարկումները։ Հրթիռն արձակվեց Օրենբուրգի մարզի Դոմբարովսկի դիրքային շրջանից, արկը խոցեց թիրախը Կամչատկայում՝ ավելի քան 6 հազար կիլոմետր հեռավորությունից։ Փորձարկմանը հետևում էր անձամբ Վ.Պուտինը։ Նա շնորհակալություն հայտնեց համալիրը ստեղծողներին և շնորհավորեց փորձարկումների մասնակիցներին ու պաշտպանական գերատեսչությանը։ «Ավանգարդ» համալիրի մշակման մասին Ռուսաստանի նախագահը խոսել էր դեռևս մարտին, հանդես գալով Դաշնային ժողովին հղված ուղերձով, և հայտարարել, որ նոր հրթիռները կարող են մոլորակի վրա խոցել գործնականում ցանկացած թիրախ։

Ինչպես դեկտեմբերի 28-ին հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում, «Ավանգարդ» հիպերձայնային համալիրը փորձարկումների ընթացքում հաջողությամբ հաստատել է մշակողների հայտարարած բնութագրերը։ Նա ճշտեց, որ դեկտեմբերի 26-ին անցկացված փորձարկումն արդեն երրորդն էր։ Բորիսովը հիշեցրեց, որ բանակին «Ավանգարդի» սերիական մատակարարումների վերաբերյալ կնքվել է պայմանագիր, ինչպես նաև հույս հայտնեց, որ այն սպառազինության կառնվի 2019 թվականին։

Ի՞նչ է  իրենից ներկայացնում «Ավանգարդ» ՀՀ-ը։ «Ավանգարդը» (մշակման ժամանակաշրջանում այլ անվանումներն էին՝ ՌՍ-26, «Ռուբեժ») ռազմավարական նշանակության շարժական ամենագնաց հրթիռային համալիր է՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով։ Դա «Յարս» (ՌՍ-24 «Յարս») նախագծի հետագա զարգացումն է՝ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ճեղքման համար նախատեսված նոր մարտական կառավարելի բլոկներով։ Միանգամայն ակնհայտ է, որ հատկապես ԱՄՆ ՀՀՊ-ի ճեղքման։ Այդ համալիրի հրթիռը կարող է զարգացնել ավելի քան 30 հազար կմ/ժ արագություն, ինչի շնորհիվ կարող է հասարակածով պտույտ գործել Երկրի շուրջ մեկուկես ժամում։ Ահա թե ինչու է «Ավանգարդ»-ի այդ փորձարկումների հարուցած գրեթե վայրկենական արձագանքը հասկացնել տալիս աշխարհին ոչ միայն այն, թե ինչ ուղղությամբ կզարգանա հրթիռային տեխնիկան, այլև թե ինչպես կզարգանան միջազգային հարաբերությունները 2019 թվականին։

Հասկանալի է «Ավանգարդ»-ի առնչությամբ ԱՄՆ-ի արձագանքը։ Միացյալ Նահանգներն անպաշտպան է ռուսաստանյան «Ավանգարդ» նորագույն հիպերձայնային համալիրի առջև, ԱՄՆ-ի զինված ուժերը չունեն ռուսաստանյան հիպերձայնային հրթիռից երկիրը պաշտպանելու ընդունակ զենք, հաղորդում է  «The National Interest» պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար գեներալ Ջոն Հայթընին։

«Ամերիկյան ռազմական փորձագետները մռայլ են գնահատում այդպիսի հրթիռի կասեցման ԱՄՆ-ի կարողությունը,- հայտարարել է Հայթընը։- Մենք չունենք ոչ մի պաշտպանություն, որը կկարողանա կանխել  այդ զենքի կիրառումը մեր դեմ»։

«Ավանգարդը» շատ ավելի կատարյալ զենք է, քան ամերիկյան ցանկացած հիպերձայնային նմանօրինակ, հաղորդում է «The Washington Examiner» թերթը։ Թեև ամերիկացիների նշանառության համակարգերն ավելի կատարյալ են, մնացյալ առումներով ռուսաստանյան հրթիռն ավելի հզոր է, ԱՄՆ-ի զինվորականներն առայժմ անկարող են կասեցնել «Ավանգարդը»։ Այդուհետ թերթը ներկայացնում է տեղեկատվություն, որից հետևում է, որ հիպերձայնային հրթիռների ոլորտում ԱՄՆ-ը սկսել է զիջել նաև Չինաստանին։ Պարզվում է, որ ԱՄՆ-ի Հաշվիչ պալատի մինչ այդ հրապարակած զեկույցում կան այսպիսի տողեր. «Ռուսաստանի և Չինաստանի հիպերձայնային զենքն ունակ է հաղթահարել ԱՄՆ ՀՀՊ-ի գործնականում ցանկացած համակարգ։ Որևէ հակամիջոց գոյություն չունի»։ Այնուհետ ԱՄՆ-ի Հաշվիչ պալատը նաշազգուշացնում է Սպիտակ տանը, որ Մոսկվան ու Պեկինը կենտրոնացած են նոր զինատեսակների մշակման ուղղությամբ, որոնց արագությունը, հեռահարությունն ու շարժունակությունը կարող են ճեղքել ՀՀՊ համակարգերի գերակշիռ մասը։ Զեկույցում նշվում է, որ հիպերձայնային տեխնոլոգիաները կարելի է կիրառել հեռահար գործողության միջուկային հրթիռների արդիականացման համար։

Պենտագոնում նույնպես արդեն բազմիցս մտավախություններ են արտահայտել, որ ԱՄՆ-ն առայժմ չունի հիպերձայնային հրթիռները կասեցնելու հնարավորություններ։ Այդ մասին մասնավորապես հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության  և Հյուսիսային Ամերիկայի օդային-տիեզերական պաշտպանության հրամանատարության ղեկավար գեներալ Թերենս Օ’Շոնեսին։ Նրա խոսքերով, պատերազմի դեպքում ԱՄՆ-ի տարածքն անպաշտպան կլինի ռուսաստանյան ու չինական զենքի առջև։

Բայց «Ավանգարդ» ՀՀ-ի առնչությամբ արդյոք ամեն ինչ այնպե՞ս է, ինչպես նկարագրում են ԱՄՆ-ում։ Կարծում եմ, որ պետք է դատեն և վերջնական գնահատականներ տան հրթիռաձիգ-զինվորականները։ Ահա թե ինչ էր ասում ինքը՝ Պուտինը, ռուսաստանյան նոր համալիրի մասին. «Դեպի նշանակետ այն սլանում է երկնաքարի պես, բոցավառ հրե գնդի պես։ Ջերմաստիճանը նրա մակերևույթին կազմում է 1600-2000 աստիճան, ընդ որում, թևավոր բլոկը հուսալիորեն կառավարվում է։ Նման զենք ունենալն, անշուշտ, լուրջ առավելություններ է տալիս զինված պայքարի ոլորտում։ Նրա ուժը, հզորությունը, ինչպես ասում են ռազմական փորձագետները, կարող է ահռելի լինել, իսկ արագությունը անխոցելի է դարձնում ՀՀՊ և ՀՕՊ մերօրյա համակարգերի համար, քանի որ հակահրթիռները, պարզ լեզվով ասած, դրանց հետևից պարզապես չեն հասնում»։

Միևնույն ժամանակ ռազմական գիտությունների դոկտոր, առաջին աստիճանի պաշտոնաթող կապիտան Կոնստանտին Սիվկովը ՆՍՆ-ի եթերում ենթադրություն հայտնեց, որ ԱՄՆ-ը կանխամտածված գերագնահատում է հիպերձայնային հրթիռների սպառնալիքը. «Այո, ՀՀՊ ներկայիս համակարգը պաշտպանություն է ապահովում առանձին բալիստիկ հրթիռներից, ոչ ավելին։ Խմբային հրթիռային հարվածը հետ մղել այն չի կարող։ Երբ խոսքը վերաբերում է հոծախումբ հարվածին, դրա արդյունավետությունը զրոյական է։ Այդ պատճառով էլ ամերիկացիները ձգտում են, որ իրենց ՀՀՊ համակարգը կարողանա կասեցնել հոծախումբ հարվածները։ Այդ նպատակով նրանք փողեր են կորզում։ Իսկ դրա համար պետք է վախեցնել,  հատկապես ամերիկյան հասարակությանը, իբր՝ իրենք պաշտպանված չեն ռուսաստանյան միջուկային հարվածից»։ Այս խոսքերում, հավանաբար, կա ճշմարտության հատիկ, եթե հիշենք, որ Պենտագոնը 600 մլն դոլար կորզեց Կոնգրեսից «սիրիական նոր բանակ» պատրաստելու համար, իսկ արդյունքում, ԱՄՆ Սենատի համապատասխան հանձնաժողովում լսումներից հետո, պարզվեց, որ պատրաստել են Սիրիայի «չափավոր ընդդիմության» ընդամենը 50 կամ 60 գրոհայինների։ Ինչ վերաբերում է «Ավանգարդ» ՀՀ-ին, ապա եզրահանգումները թերևս կկարողանանք անել այս տարի, երբ այդ հրթիռները սպառազինության առնվեն ռուսաստանյան բանակում։

 

Սերգեյ Շաքարյանց