Իրանի նախագահն Ամանորի գիշերն ասել է՝ դա արժանի է մեր հայ հայրենակիցների առջև խոնարհման

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Ամանորի գիշերն այցելել է իրանա-իրաքյան պատերազմում 20 տարեկանում զոհված հայ զինվոր Ալֆրեդ Գաբրիի ընտանիքին ու շնորհավորել նրանց Ամանորի առնչությամբ։ Տեղեկացնելով այս մասին, իրանական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իրանի նախագահը հանդիպման ժամանակ քրիստոնյա բոլոր հայրենակիցներին մաղթել է բարեբեր նոր տարի։ Պարոն Ռոհանին նշելով Ալֆրեդ Գաբրիի ծնողների նվիրումն ու համբերությունը, ասել է․

«Ձեր որդին զոհեց կյանքը հանուն հայրենիքի, որդի կորցնելը հեշտ բան չէ, բայց այն փաստը, որ ձեր որդին դարձավ ֆիդայի հանուն ժողովրդի և հայրենիքի, նրա կարուստը դարձնում է տանելի»։

Իրանի մեծապատիվ նախագահը ասել է նաև․ «Մեր հայ հայրենակիցները մահմեդական բնակչության հետ անձնվիրաբար պաշտպանել են երկիրը և այսօր պատրաստ են զոհել իրենց հանուն երկրի, դա արժանի է նրանց առջև խոնարհման»։

ԻԻՀ նախկին նախագահ, դոկտոր Մահմուդ Ահմադինեժադն էլ հունվարի 6-ին Ամանորի և Սուրբծննդյան տոների առիթով այցելել է Թեհրանի հայաբնակ Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:

Տեղեկացնելով այս մասին, «Ալիք» առցանց կայքը հայտնել է, որ նախկին նախագահը ներկա է եղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առիթով մատուցված սուրբ պատարագին, որից հետո եկեղեցու ընդունելության դահլիճում մտերմիկ հանդիպում է ունեցել Ազգային իշխանությունների ներկայացուցիչների՝ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անդամներ Վարուժ Հովհաննիսյանի և Հարմիկ Ավետյանի, Պատգամավորական ժողովի ատենապետ Ժոզեֆ Մեհրաբյանի, ինչպես նաև Սրբոց Թարգամանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի և  երկու հայ նահատակների ընտանիքների հետ:

Այսպիսով բարեկամ երկրի նախկին ու ներկա նախագահները պատվել են Իրանի հայ համայնքին և, ինչու ոչ, ողջ հայ ժողովրդին։ Նրանց հիշյալ այցելությունները և վերաբերմունքը մեր նկատմամբ, անշուշտ, արժանի են մեծ գնահատանքի։ Կատարվածն աննախադեպ իրադարձություն է, քանզի մինչ այդ որևէ երկրի նախկին ու ներկա ղեկավարներ Ամանորի առիթով չեն այցելել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին։