«Ապագայի գործընկերը». գիտնականները ցույց են տվել 20 տարվա նստակյաց աշխատանքի հետևանքները (տեսանյութ)

Հետազոտողներն ստեղծել են կնոջ մոդել, որը 20 տարի աշխատել է գրասենյակում: Էրգոնոմիկայի և աշխատանքի պահպանության բնագավառի փորձագետները ցուցադրել են, թե առողջական ինչ խնդիրներ կառաջացնի նստակյաց աշխատանքը:

Fellowes ընկերության խնդրանքով՝ մասնագետները հարցում են արել Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ավելի քան 3 հազար գրասենյակային աշխատողների և պարզել, թե առողջական ինչ խնդիրներ են նրանց անհանգստացնում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այդ մասին գրել է Daily Mail-ը: Ստացված արդյունքներով կազմվել է «Ապագայի գործընկերը» անվանումը կրող զեկույց, ինչով ստեղծվել է նաև Էմմա անունով մոմե ֆիգուր: Մոդելի կեցվածքը խախտված է, նա ունի երակների վարիկոզ լայնացում, միգրեն, աչքերի բորբոքվածություն: Հետազոտողների կարծիքով, գրասենյակային աշխատողների 90 տոկոսը տառապելու են այս հիվանդություններից, եթե իրենց կենսակերպը չփոխեն: Փորձագետները կոչ են անում արմատապես փոխել աշխատանքի պայմանները:

«Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ գործատուները և աշխատողները պետք է սկսեն գործել, որպեսզի փոխեն իրավիճակը։ Եթե հստակեցումներ չարվեն, այն է՝ ավելի շատ քայլել, աշխատավայրը դարձնել ավելի էրգոնոմիկ, նստակյաց աշխատանքը կհանգեցնի հիվանդությունների»,- ընդգծել է հետազոտությունների հեղինակներից Ուիլյամ Հեյմը։