Հայաստանի իրավապահ մարմինները՝ ձևականորեն ապաքաղաքական, իրականում՝ քաղաքական պոռնկի կարգավիճակում. մաս 2-րդ

Օրերս զանգվածային լրատվության տարբեր միջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ որոշակի անձանց ծեծել ու փորձել են ցուցմունքներ կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ:

Ըստ hraparak.am-ի, իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով է փորձում «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Լրատվամիջոցի տեղեկություններով, հոկտեմբերի 16-ի առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, ծաղկի շուկայի մոտից ոստիկանության աշխատակիցներն առանց բացատրության, բռնի ուժով ոստիկանության 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն Ղազարյանին, ապա ստիպել, որ ցուցմունք տա, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ «Բայց առավելապես պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթված գումարները, ասել են, թե իրենց հայտնի է, որ ինքն է շուկայի նայողը և որ իրենք գիտեն՝ ում է փող տվել նա, սակայն ուզում են, որ ինքը կամովին ասի,- գրել է հիշյալ լրատվամիջոցը:- Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին: Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում»:

Hraparak.am-ը դիմել է ոստիկանություն, որտեղից հաստատել են լրատվամիջոցի տեղեկությունը. «Այո, Կարեն անունով քաղաքացի բերման ենթարկվել է՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով»: Ավելի ուշ hraparak.am-ը պարզել է, որ բերման ենթարկվածները 5-ն են, Կարեն Ղազարյանից բացի, շուկայի տարբեր վայրերից ու տարբեր մեքենաներով առանձին-առանձին բերման են ենթարկել նաև նրա եղբորը` Արման Ղազարյանին, ինչպես նաև Գևորգ Մկրտչյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Դավիթ Մուրադյանին, ոմանց վրա կան մարմնական վնասվածքներ։ Արման Ղազարյանին ոստիկանությունում պարտադրել են ցուցմունք տալ, որ իր եղբայրը՝ Կարենը, շուկայի «նայողն» է, և ասել, թե փողերն ում է տանում-տալիս: Դարձյալ hraparak.am-ի տեղեկատվության համաձայն, «ոմանց դեպքում բացահայտ շոշափվել է Վանեցյանի անունը, հարցրել են՝ շուկան արդյոք Վանեցյանին չի պատկանում և Կարեն Ղազարյանի «տանիքն» էլ ԱԱԾ նախկին տնօրենն է»:

Մեկ այլ ԶԼՄ-ի` hayeli.am-ի տեղեկությունների համաձայն, «իրավապահները դիմակավորված մասկի-շոու օպերացիա են իրականացրել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխին գործ սարքելու նպատակով: Գիշերը ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատողները ներխուժել են Հրազդան մարզադաշտի հարևանությամբ գտնվող մեծածախ ծաղկի շուկայի տնօրենի`Կարեն Ղազարյանի տուն և բերման ենթարկել նրան: Վերջինս Արթուր Վանեցյանի սանիկներից մեկի ազգականն է:

Կարեն Ղազարյանին բռնության և կտտանքների են ենթարկել` պահանջելով, որ նա ցուցմունք տա Վանեցյանի դեմ, մասնավորապես հաղորդում ներկայացնի, որ ծաղկի սրահի իրական տերը ԱԱԾ նախկին ղեկավարն է»:

Չհավատա՞լ վերոնշյալ տեղեկություններին, թե հավատալ… Մենք հակված ենք հավատալու, և ահա թե ինչու. չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ տեղեկատվության հրապարակմամբ օրեր առաջ հանդես են եկել նաև մի շարք այլ ԶԼՄ-ներ, իսկ այդ հրապարակումներն էլ վերաբերում են մինչև վերջերս հանրապետության և ՀՀ իրավապահ համակարգի բարձր պաշտոններից մեկը զբաղեցրած անձին` Արթուր Վանեցյանին, որն այսօր էլ հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում, ավելին` ԶԼՄ-ների նշված հրապարակումները, ըստ էության, հաղորդումներ են հանցագործության մասին, ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում վերոնշյալ տեղեկությունների որևէ հերքում կամ պարզաբանում առ այս պահը չկա:

Երկրորդ. չնայած ԶԼՄ-ների հրապարակումներին կամ հանցագործության մասին հրապարակային հաղորդումներին առ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ ցուցմունքներ կորզելու նպատակով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Կարեն Ղազարյանին ֆիզիկական բռնության և կտտանքների են ենթարկել, հարվածել են կողերին, ոտքերին, «բերման ենթարկված անձանց մի մասի վրա կան մարմնական վնասվածքներ», ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կամ նրա աշխատակազմի համապատասխան աշխատակիցները, որքան էլ զարմանալի է, փոխանակ օպերատիվորեն արձագանքելու այդ տեղեկություններին, հափշտապ գնալու դրանց հետքերով, բերման ենթարկվածների հետ անձնապես զրուցելու, նրանց մարմինները զննելու, հրապարակված տեղեկությունները հերքելու կամ հաստատելու և այդ կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու, ընդհանրապես չեն արձագանքել վերոնշյալ հաղորդումներին, չեն արել այն, ինչ պարտավոր էին անել, հակառակ պարագայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքով այդ մասին կհայտնեին հանրությանը, մինչդեռ նշված կայքում նույնպես բառ անգամ չկա այդ մասին:

Կարո՞ղ ենք արդյոք այս ամենից եզրակացնել, որ ՀՀ ոստիկանության և մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքերում ԶԼՄ-ների հիշյալ հրապարակումների, կրկնում ենք, ըստ էության, հանցագործության մասին հաղորդումների առնչությամբ որևէ անդրադարձ չկա սոսկ այն պատճառով, որ նրանք այդ հաղորդումներին ու կատարվածին պարզապես չեն համարձակվել անդրադառնալ (նախընտրել են լռել, հավանաբար, մտածելով, որ ԶԼՄ-ներն իրենք էլ մի քանի հրապարակումից հետո կլռեն, կատարվածը կանցնի կգնա): Իսկ չեն համարձակվել, որովհետև Արթուր Վանեցյանի հետևից, ինչպես ասում են, ընկած է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն դատավորների, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և այլոց օրինակով ցույց է տվել, թե ինքն ինչի է ունակ իրեն անհնազանդների նկատմամբ:

Եկեք մի պահ ընդունենք, թե Արթուր Վանեցյանի նկատմամբ որևէ քաղաքական հետապնդում չկա, և որ հիշյալ անձանց բերման են ենթարկել զուտ իրավական գործընթացի շրջանակում, քանի որ ապօրինի ձեռնարկատիրությունը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է, երկրում էլ պայքար է հայտարարված կոռուպցիայի, բնականաբար, նաև դրա բաղկացուցիչը հանդիսացող հովանավորչության դեմ, և եթե Վանեցյանը Կարեն Ղազարյանի տանիքն է եղել, հովանավորել է նրան կամ ինչ-որ ընկերության, եթե կոռուպցիոն կամ ինչ-որ այլ բնույթի հանցագործություն է թույլ տվել, ապա անկախ նրանից, թե նախկինում ինչ պաշտոն է զբաղեցրել, նրա նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի, նա պետք է կանչվի քրեական պատասխանատվության:

Շատ լավ, սակայն վերոնշյալի դեպքում օրինաչափ հարց է առաջանում` Վանեցյանը նո՞ր, այսինքն` իր հրաժարականից հետո՞ է սկսել զբաղվել ծաղկի բիզնեսի հովանավորչությամբ կամ թաքնված ձեռնարկատիրական գործունեության առումով հանցակցել Կարեն Ղազարյանին… Իսկ եթե ոչ, ապա այդ դեպքում ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունն ինչո՞ւ ավելի շուտ չի զբաղվել դրանով, չի զեկուցել ոստիկանապետին, ոստիկանապետն էլ` վարչապետին: Հանցավոր անգործություն է դրսևորել այն պատճառո՞վ, որ Վանեցյանը յուրային էր և ԱԱԾ տնօրեն, իսկ հիմա յուրային չէ և ԱԱԾ տնօրեն չէ, հետևաբար կարելի է օրենքի պահանջները կատարել:

Ավելին. եթե Վանեցյանը ոչ թե իր իրավացի, արդարացի և հասարակական ու քաղաքական մեծ հնչեղություն ունեցող հայտարարությամբ, այլ սուսիկ-փուսիկ հրաժարական տար, ոստիկանությունը կիրականացնե՞ր վերոնշյալ գործողությունները…

Դատելով ամենից, Փաշինյանը նույնիսկ չի էլ փորձում թաքցնել Վանեցյանի նկատմամբ իր ոխակալությունը, քանի որ ԱԱԾ տնօրենի հրաժարականի անմարսելի հայտարարությունից հետո նրանից բարոյական ու քաղաքական երկրորդ հուժկու ապտակն է ստացել: Խոսքն Արթուր Վանեցյանի ու նրա հրաժարականի հայտարարության առնչությամբ Լոս Անջելեսում սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի տված խիստ գնահատականներին ԱԱԾ նախկին տնօրենի անդրադարձի մասին է, որով նա սեպտեմբերի 23-ին հանդես է եկել hraparak.am-ի հետ զրույցում.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։

Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։

Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։ Իսկ եթե որևէ մեկը համաձայն չէ այդ պնդման հետ, ըստ վարչապետի, ուրեմն նախկինների պատվերով է գործում: Ասել եմ և նորից եմ կրկնում՝ չփորձեք ինձ կապել նախկինների հետ։

Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության  մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն  հրամանատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել:

Հրաժարականի մասին իմ հայտարարությունն ուշադիր ընթերցողը, համոզված եմ, հասկացել է՝ ինչ նկատի ունեի ես։ Ուստի վստահ պնդում եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով կամ ինչը կհայտնվի աղբանոցում:

Հավատում եմ` մեր ժողովուրդը երբեք չի ընկճվելու ու այլևս չի տրվելու մանիպուլյատիվ հայտարարությունների: Հրաժարականի իմ տեքստում ես ասել էի՝ թող այն լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող կոչ։ Մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի Հայրենիքի հանդեպ պարտքը:

Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։

Պատիվ ունեմ»:

Միաժամանակ շատ պարզունակ կլինի ոստիկանության գործողությունների և Վանեցյանի առնչությամբ վերոնշյալ տեղեկությունները ԱԱԾ նախկին տնօրենի նկատմամբ Փաշինյանի սոսկ ոխակալությամբ բացատրելը: Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել Վանեցյանի խոսքի հետևյալ հատվածին. «Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»։

Հայտնի բան է, որ մինչև վերջերս լինելով ԱԱԾ տնօրեն, Վանեցյանը Հայաստանի ամենաիրազեկված անձանցից մեկն է, որին քաջ հայտնի են, թե «թավշյա հեղափոխությունն» իրենից ինչ էր ներկայացնում, ինչպես իրագործվեց, և շատ ուրիշ մանրամասներ` կապված դրա և ոչ միայն դրա հետ… Իսկապես պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ԱԱԾ թեկուզ նախկին տնօրենն սկսի խոսել այդ ամենի մասին… Ու թեև Վանեցյանն ինքնատիրապետումը կորցրած մարդու տպավորություն չի թողնում, հենց ինքն է նշել խոսքի հետևանքների մասին մտածելու մասին, բայց զուտ նրա անուղղակի ակնարկը, որ ինքն էլ կարող է Փաշինյանի նման խոսել առանց հետևանքների մասին մտածելու, դա բացառված չէ, սակայն իր խոսքը, ի տարբերություն վարչապետի ասածի, անլուրջ չի լինելու, այլ հակառակը` շատ լուրջ է լինելու և հետևանքներ է ունենալու նաև վարչապետի համար, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանին շատ է անհանգստացրել, և հիմա ամեն ինչ արվում է Վանեցյանին օր առաջ բացատրելու այդ հետևանքները:

Արթուր Հովհաննիսյան