Կառավարության անդամների գործուղումների համար սեպտեմբերին ծախսված գումարը 410 %-ով ավելի է 2018-ի և 603 %-ով՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ

«Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կատարված ֆինանսավորմամբ Կառավարության անդամների գործուղումների համար 2019 թվականի սեպտեմբեր ամսին ծախսվել է 187 մլն 410 հազար դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 142 մլն-ով, կամ 410 %-ով (45 մլն 684 հազար դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ 161 մլն-ով կամ 603 %-ով (26 մլն 641 հազար դրամ):

Այս մասին պարզվում է Tert.am-ի գրավոր հարցմանը ՀՀ ֆինանսների նախարարությունից տրված պատասխանից։

Նշենք, որ 187 մլն 410 հազար դրամի մեջ ներառված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի ինքնաթիռի ծախսը:

«Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրից բացի, մի շարք պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերով, մասնավորապես, Կառավարության ու վարչապետի աշխատակազմերի, Արտաքին գործերի, Պաշտպանության և մի շարք այլ նախարարությունների, ևս նախատեսված են միջոցներ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար»,- ասված է Ֆինանսների նախարարության պատասխանում:

Այսինքն՝ գործուղումների այս ծախսերի մեջ ներառված չեն Կառավարության և վարչապետի աշխատակազմերի, Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարությունների գործուղումները:

Նախարարությունը տրամադրել է 2017, 2018 և 2019 թվականների պետական բյուջեներով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ այդ տարիների սեպտեմբեր ամիսներին կատարված ֆինանսավորումը՝ ըստ համապատասխան մարմինների և որոշումների: