ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Սլովակիայի ԱԳ նախարարի՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում հյուրընկալելու հայտարարության վերաբերյալ

«Նախ նշեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ղեկավարների միջև հանդիպումները իրականացվում են միմիայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջնորդությամբ,- ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության տեղեկացմամբ, նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։- Իրապես, համանախագահների կողմից արվել է հանդիպում անցկացնելու առաջարկություն, ինչի մասին նշված է ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նյույորքյան հանդիպման մեր հաղորդագրությունում, այնպես էլ՝ համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքով հաղորդագրությունում:  Նման հանդիպման մասին, ինչպես գիտեք, մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը մենք չենք խախտելու»: