Ռուսաստանը ևս 300 զինվորական ոստիկանների Չեչնիայից ուղարկել է Սիրիա

Ռուսաստանը լրացուցիչ մոտ 300 զինվորական ոստիկանների Չեչնիայից ուղարկել է Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում: ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, այս մասին հոկտեմբերի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

«ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության՝ Չեչնիայում տեղակայյված ստորաբաժանման մոտավորապես 300 զինծառայողներ ժամանել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ կատարելու հատուկ առաջադրանքներ»,-նշվում է մամուլի տեղեկագրում: Զինվորականներն առաջադրանքների կատարմանը ձեռնամուխ կլինեն մոտ ժամանակներս:

Ինչպես նշում են գերատեսչությունում, նրանք ապահովելու են բնակչության անվտանգությունը, կարգուկանոն են պաշտպանելու և պարեկային հերթապահություն են սահմանելու են հանձնարարված շրջաններում: ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր: Դրանում, մասնավորապես, ասված է, որ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում՝ «Խաղաղության ակունք» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ:

Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետքաշելուն, ինչը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո կսկսվի սահմանից 10 կիլոմետր խորությամբ ռուս-թուրքական համատեղ պարեկումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանից արևմուտք և արևելք, բացի Ղամիշլի քաղաքից: