Վաշինգտոնը Իրաքում զորացնում է ռազմական խմբավորումը

Մենք արդեն նշել ենք, որ դատելով Սիրիայի իրադարձություններից, ոչ միայն Թուրքիան, այլև ԱՄՆ-ը ցանկանում է շարունակել պատերազմը Մերձավոր Արևելքում: Հիշեցնենք Իրանի ազգային անվտանգության Գերագույն խորհրդի (ԱԱԳԽ) քարտուղար, փոխծովակալ Ալի Շամխանիի հայտարարության մասին, որն իրավիճակը բնութագրել էր որպես «ԱՄՆ-ի կողմից կազմակերպված դավադրություն՝ ուղղված  Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» (ԻՊ) վերակենդանացմանը»: Հետևաբար, Վաշինգտոնի հաջորդող քայլերը թերահավատ և կասկածելի են ընկալվում: Բրիտանական «Reuters» գործակալությունը հոկտեմբերի 21-ին հաղորդել է, որ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Մերձավոր Արևելք մեկնող ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ի բոլոր զինծառայողները, որոնք լքում են Հյուսիսային Սիրիան՝ թուրքական «Խաղաղության աղբյուր» գործողության մեկնարկից հետո կտեղակայվեն Արևմտյան Իրաքում, որպեսզի շարունակեն այստեղից պայքարը ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ և «օգնեն պաշտպանել Իրաքը»: Պենտագոնի ղեկավարի խոսքերով՝ ամերիկյան զորախմբի՝ 1000 զինծառայողի և սպաների տեղափոխումը Սիրիայից Իրաք կտևի մի քանի շաբաթ և իրականացվելու է ինչպես ցամաքով, այնպես էլ օդային ճանապարհով:

Իրաք տեղափոխվող ԱՄՆ զինված ուժերը կմիանան արաբական հանրապետությունում տեղակայված ԱՄՆ 5000-ոց զորախմբին: Դեռ պարզ չէ, արդյոք ԱՄՆ-ը մտադի՞ր է օգտագործել Իրաքը որպես Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելու և ԻՊ զինյալների դեմ օդային հարվածներ հասցնելու բազա: Մինչդեռ Վաշինգտոնը նշում է, որ Իրաք տեղափոխվելը նախօրոք համաձայնեցվել է Բաղդադի կառավարության հետ: Ակնկալվում է, որ Իրաքում ԱՄՆ ռազմական առաքելության անձնակազմի համալրումը բացասական արձագանք կբերի այս երկրի կառավարական շրջանակներում և խորհրդարանում, հաշվի առնելով, որ բազմիցս բարձրացվել է Իրաքի տարածքից ամերիկացի զինվորների և սպաների լիակատար դուրսբերման հարցը՝ ԻՊ-ի դեմ պայքարի մարտական ​​փուլի ավարտից հետո: Բացի դրանից, Իրաքում անհանգիստ է. մի շարք շիական կազմակերպություններ և կուսակցություններ դժգոհ են իրենց կառավարությունից և հենց ԱՄՆ-ի նկատմամբ Բաղդադի վարած քաղաքականության պատճառով: Առայժմ, ինչպես հայտնում է «Reuters»-ը, ամերիկյան զորքերը հատել են սիրիական սահմանը և մտնում  են Իրաք Սահելի սահմանային անցակետով դեպի հյուսիսային Դոհուկ նահանգ: Քրդական աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ամերիկյան զորքերը ուղևորվել են դեպի Իրաքյան Քրդստան: Աղբյուրը նաև հայտնել է, որ ամերիկյան զորքերը իրենց հետ բերում են մոտ 30 կցանք՝ ծանր տեխնիկայով բարձած, և «Համերներ»:

Եվ նույնիսկ եթե հավատանք, որ Իրաքից ԱՄՆ զորքերը, իբր, շարունակելու են «պայքարել ԻՊ-ի դեմ», ամերիկյան ռազմական ինքնաթիռների զանգվածային տեղափոխումը այս տարածաշրջան մեզ ստիպում է մտածել, որ Վաշինգտոնը դիմակավորում է իր իրական ծրագրերը: ԱՄՆ-ի մտադրությունները որևէ առնչություն չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ: Հոկտեմբեր 20-ին, 79FS/20FW ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմից վեց F-16C կործանիչներ (կցագրված Shaw AFB ավիաբազային), երկու վերալիցքավորող ինքնաթիռների ուղեկցությամբ, թռիչք են կատարել Ատլանտիկայով և հասել իսպանական «Moron» ավիաբազա, որին հաջորդել է պլանավորված թռիչքը դեպի Մերձավորարևելյան տարածաշրջան: Հոկտեմբերի 21-ին բրիտանական «Լեյքենհիթ» ավիաբազայից ևս հինգ ամերիկյան F-15E կործանիչներ թռան դեպի Մերձավոր Արևելք: Մենք հակված ենք ԱՄՆ կողմից ռազմական շարժումների այս ակտիվացումը կապել իրանական փոխծովակալ Շամխանիի հայտարարության հետ, որը ցույց տվեց, որ Իրանի հատուկ ծառայությունները չեն կորցնում իրենց զգոնությունը և շարունակում են ամերիկացիներին ու թուրքերին հետևել տարածաշրջանում։ Հոկտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարությունը դրանում ավելի է համոզում: Նա շեշտել է, որ Իրանը մերժում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից ռազմական անցակետերի տեղադրումը: «Մենք դեմ ենք Անկարայի կողմից Սիրիայում ռազմական հենակետերի ստեղծմանը… Խնդիրները պետք է լուծվեն դիվանագիտական ​​ճանապարհներով: Պետք է հարգվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը», – հայտարարել է Մուսավին շաբաթվա ասուլիսում, որը ուղիղ հեռարձակվում էր Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիային դատապարտելու և արաբական հանրապետության տարածքում գործողությունները անհապաղ դադարեցնելու կոչեր են հնչել Եվրամիության, Արաբական պետությունների լիգայի, Ֆրանսիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների կողմից: Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի ԱԳՆ-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում կոչ էր արվում «բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ուշադիր ստուգել ձեռնարկված քայլերը՝ լիովին հարգելով Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը»: ԱՄՆ-ը նույնպես հրապարակավ դատապարտել է Անկարայի գործողությունները, բայց հաշվի առնելով Շամխանիի հայտարարությունները, այս «քայլը» պետք է ճանաչվի ձևական և կեղծավոր: Իսկ Թուրքիայի նախագահի խորհրդական Յասին Աքթայը հոկտեմբեր 20-ին լրատվամիջոցներին հայտնել է, որ Անկարան բանավոր համաձայնության է եկել Վաշինգտոնի հետ՝ Սիրիան բաժանելու հարցում: Խոսքը գնում է սիրիական հողի վրա «անվտանգության գոտի» ստեղծելու մասին՝ Եփրատ գետի արևելքում, 444 կմ երկարությամբ և 32 կմ խորությամբ: Ըստ Աքթայի խոսքերի՝ գրավոր համաձայնագրի բացակայությունը  չի նշանակում, որ Թուրքիայի և ԱՄՆ միջև կան տարաձայնություններ: Մնում է միայն ընդգծել, որ Իրաքում արդեն պահանջել են՝ անհապահ դուրս հանել երկրից այն ամերիկյան զորքերը, որոնք տեղափոխվել են Սիրիայից…

Սերգեյ Շաքարյանց