ՄԱԿ. «Սիրիայի հյուսիս-արևելքում 176 000 խաղաղ բնակիչ տեղահան է եղել»

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողության հետևանքով  տեղահան եղած բնակչության մասին:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Թուրքիայի ռազմագործողությունների պատճառով 80 000 երեխա և 176 000 խաղաղ բնակիչ է ստիպված եղել լքել իր տունը: 7100 սիրիացի քրդեր Սիրիա-իրաքյան սահմանից տեղափոխվել են Իրաք, նրանց մեծամասնությունը եղել է Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանից:

Թուրքական զինուժի ռազմագործողությունից վնասվել են ենթակառուցվածքները, էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով խնդիրներ են ստեղծվել չորս հիվանդանոցներում: Դյուժարիկը զգուշացրել է, որ  այդ տեղահանված ընտանիքները ձմռանը կարող են դժվար կացության մեջ հայտնվել: