Պեսկովն զգուշացրել է, որ եթե քրդերը հետ չքաշվեն, կհայտնվեն «թուրքական բանակի գլանիվի» տակ

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ըստ էության դավաճանում է քրդերին ՝ ստիպելով նրանց պատերազմել թուրքերի դեմ

ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցներն էր, լքել է նրանց, թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ: ՏԱՍՍ գործակալության  տեղեկացմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած է հայտնել, թե քրդերը կհեռանան ռուս-թուրքական պայմանավորվածություններով նախատեսված տարածքից։

«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարում քրդերի ամենամոտ դաշնակիցն էր: Ի վերջո, ամերիկացիները լքեցին քրդերին և ըստ էության դավաճանեցին նրանց: Իսկ այժմ նրանք նախընտրում են քրդերին թողնել սահմանում և այդկերպ հարկադրում նրանց՝ կռվել թուրքերի դեմ»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ եթե քրդական զինված կազմավորումները հետ չքաշվեն, «ապա այդ դեպքում ստիպված կլինեն հետ քաշվել սիրիացի սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»: «Եվ փաստորեն մնացած քրդական կազմավորումները կընկնեն թուրքական բանակի գլանիվի տակ»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: