Նույնն է, թե առողջապահության նախարարը հրաժարական տա, քանի որ համաձայն չէ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ

Տիգրան Ավինյանը Սարհատ Պետրոսյանի հրաժարականի մասին

«Ես խոսել եմ Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հետ մինչև իր հրաժարականի դիմումը հրապարակելը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Պետրոսյանը փոխվարչապետի թիմի հետ ունեցած խնդիրների՞ պատճառով է հրաժարականի դիմում ներկայացրել:

«Նա ներկայացրել է իր խնդիրները նախկին քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ, որն իմ օգնականն է, և ներկա քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հետ: Ընդհանուր առմամբ, ինձ համար մի փոքր տրամաբանությունն ընդունելի չէ, դա նույնն է, թե առողջապահության նախարարը հրաժարական տա, քանի որ չի համաձայնում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի քաղաքականության հետ»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Կադաստրի կոմիտեն շատ հստակ գործառույթներ ունի:  «Կադաստրի կոմիտեի նախագահի պաշտոնը հնարավորություն չէր տալիս քաղաքաշինության ոլորտում գործունեություն ծավալել, ենթադրում եմ, որ պարոն Պետրոսյանը նաև այս հարցից է հիասթափված»,- ասաց նա:

Սարհատ Պետրոսյանի հայտարարությունը, թե «չի կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը», Տիգրան Ավինյանը նշեց, որ դա շատ հետաքրքիր հայտարարություն է: «Ես առաջարկում եմ՝ պարոն Պետրոսյանից պարզաբանումներ ստանալ, որովհետև սա ինձ համար էլ է նորություն»,- ասաց փոխվարչապետը:

Իսկ թե նա որքանով կապ ունի այս հրաժարականի հետ, Ավինյանն ասաց, որ իր անունը շրջանառվել է այնքանով, որ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավարն իր օգնականն է:

Ավինյանը հավելեց, որ Պետրոսյանի աշխատանքը դրական էր գնահատում, նրա աշխատանքը դրական էր։