Հայաստանի իրավապահ մարմինները՝ ձևականորեն ապաքաղաքական, իրականում՝ քաղաքական պոռնկի կարգավիճակում․ մաս 1-ին

Պոռնիկը երբեք չի ասում, որ ինքը պոռնիկ է, նույնն է նաև քաղաքական պոռնիկների և այդ կարգավիճակում գտնվող «ապաքաղաքականների» պարագայում։

Ի սկզբանե ընդգծեմ՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մեղմ ասած, իմ աչքի լույսը չէ, միայն Թովմասյանի «քավորությամբ» մշակված ու 2015թ․ դեկտեմբերին «ընդունված» Սահմանադրությունը լիովին բավարար է նրա առնչությամբ այս դիրքորոշումն արտահայտելու համար (մնացած պատճառների մասին էլ չնշեմ), սակայն երբ նրա հանդեպ իրավական պաճուճանքով, սակայն իր էությամբ ակնհայտորեն հակաիրավական ու քաղաքական հետապնդում է իրականացվում կամ դրա հիմքը դրվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով քրեական գործ հարուցելով, չի կարելի լռել։

Թեև այս թեմային արդեն իսկ անդրադարձել ենք մեր նախորդ` «ՀՀ իրավապահ համակարգն իշխանությունների քաղաքական պատվերները կատարող հարճը կամ գործիքն է, մինչդեռ կյանքը կարուսել է…» հրապարակմամբ, բայց, այնուհանդերձ, փաստերն ու ասելիքը դեռ սոսկ մասամբ ենք ներկայացրել։

Ո՞ւմ հայտնի կամ պարզ չէ, որ եթե Հրայր Թովմասյանը չունենար սկզբունքային դիրքորոշում և իշխանությունների քաղաքական պատվերը կատարողը լիներ, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ հայտնի որոշումն ընդունած չլիներ, եթե իշխանությունները համոզված լինեին, որ Թովմասյանը և ՍԴ-ի անդամները համասեռամոլների և մյուս այլասերվածների համար լայն իրավունքներ, հնարավորություններ ապահովող Ստամբուլյան կոնվենցիան հակասահմանադրական չեն ճանաչելու, ապա այսօր Թովմասյանի նկատմամբ ոչ միայն քրեական հետապնդում չէր լինի, այլև իշխանական շրջանակներից, ինչպես ասում են, նրա թանին թթու ասող չէր լինի։

Լավ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իրավաբան կամ փաստաբան չէ, կարող էր և չիմանալ, որ հաղորդման մեջ իր նշածի պարագայում Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով («Իշխանությունը յուրացնելը») նախատեսված հանցանք կատարելու, տվյալ դեպքում՝ իշխանությունը զավթելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել, բայց իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյա՞նն էլ դա չգիտեր․․․ Եթե գիտեր, ապա Բաբաջանյանի հաղորդումը ստանալուց հետո ինչո՞ւ որոշում չի կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ, դրա փոխարեն, հաղորդումը համապատասխան մակագրությամբ կամ կից գրությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Ո՞վ կարող է հավատալ, որ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն էլ չգիտեր, որ Հրայր Թովմասյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց վերաբերյալ  պատգամավորի վերոնշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում ընդունելը (հարուցումը մերժելու որոշում ընդունելու փոխարեն), մեղմ ասած, անհեթեթություն է։ Մնում է եզրակացնել, որ գիտեր, բայց, դրանով հանդերձ, չի խորշել այն բանից, որ իր ղեկավարած ծառայությունում վերոնշյալ նյութերով ՀՀ քր․ օր․-ի 300-րդ հոդվածով քրեական գործ հարուցվի և ուղղակի վկայությունը լինի Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման։ Հիմա պարզաբանենք, թե խոսքն ինչի մասին է, նախևառաջ, բառացիորեն և ամբողջությամբ մեջբերելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը․

«1․ Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը`

պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Ինչպես ակնհայտ է, խոսքը վերաբերվում է Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն։ Մի պահ ենթադրենք, թե այն, ինչ գրել է Արման Բաբաջանյանն իր հաղորդման մեջ, և այն, ինչ պարզել են ՀՔԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում՝ Հրայր Թովմասյանի և այլոց կողմից ինչ-ինչ արարքների, գործողությունների առումով, իրականություն է։ Բայց չէ՞ որ այդ դեպքում խոսք կարող է լինել Հրայր Թովմասյանի կողմից Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով միմիայն Սահմանադրական դատարանի նախագահի, և ոչ թե՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու մասին, մինչդեռ օրենսդիրը Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալու համար քրեական պատասխանատվություն չի նախատեսել։

Եթե մտքից կաղող անձինք վերոնշյալ բացատրությունից հետո էլ չհասկացան տվյալ պարագայում 300-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու անթույլատրելիությունը, ավելի պարզ բացատրեմ՝ Սահմանադրական դատարանի նախագահը Սահմանադրական դատարան չէ, ՍԴ-ի նախագահի լիազորությունները բնավ նույնական չեն ՍԴ-ի լիազորությունների հետ, Սահմանադրական դատարանի լիազորությունների համեմատ դրանք շատ սահմանափակ են։

Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն պատկերացնում է ՀՀ կառավարություն և յուրացրել է կառավարության լիազորությունները, եթե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իրեն պատկերացնում է ՀՀ գլխավոր դատախազություն և յուրացրել է գլխավոր դատախազության լիազորությունները, եթե ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իրեն պատկերացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և յուրացրել է ՀՔԾ լիազորությունները, եթե վերը նշվածն, իրոք, այդպես է, ապա դա բնավ չի նշանակում, որ ՍԴ-ի նախագահ Հրայր Թովմասյանն իրեն նույնացրել է ՍԴ-ի հետ և յուրացրել Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Եթե կառավարության ներկայիս անդամները վարչապետին կարող էին թույլ տալ վերը նշվածը, Գլխավոր դատախազության և ՀՔԾ-ի աշխատակիցները դա կարող էին թույլ տալ իրենց ղեկավարներին, ապա ՍԴ-ի ներկայիս անդամները Սահմանադրական դատարանի նախագահին դա թույլ չէին տա, եթե վերջինս նույնիսկ այդպիսի ցանկություն, ձգտում ունենար։

«Իհարկե, կլինեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ կիրառվող հետապնդումն արդարացնողներ, ավելին՝ արկածախնդիր խորհրդատուներ, սակայն, եթե անգամ դա ողջ հանրության սրտով լինի, միևնույն է՝ չկա ոչ մի արդարացում, էլ չեմ խոսում որևէ խելամիտ իրավական հիմնավորվածության մասին,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։- Բարեկամաբար ակնկալում եմ լինել ողջախոհ, սա երբեք չի կարող ընկալվել իբրև պատժի անխուսափելիության դրսևորում, որևէ աղերս չի ունենա դատական իշխանության նկատմամբ վստահության ձևավորման հետ։ Մտահոգող է դեպքերի զարգացման ժամանակագրությունը»:

Եթե փաշինյանական Հայաստանում նույնիսկ Սահմանադրական դատարանի նախագահը պաշտպանված չէ պետական մասշտաբով իրականացվող քաղաքական հետապնդումից, որը վաղը կարող է վերածվել ռեպրեսիայի, ապա անհնազանդ պողոսների ու մյուսների վիճակը դժվար չէ պատկերացնել։

Արթուր Հովհաննիսյան