Հ. Թովմասյանը երբեք տուրք չի տալու բոլոր առումներով կիսամարդ ցանկություններին և հայրենիքը չի վտանգելու․քննարկում

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ իրականացվող գործողություններին:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մի քանի կարմիր գիծ վաղուց հատվել է, և բոլոր նորմերը ցուցադրաբար խախտվել են: «Իշխող խմբակցությունից հնչել է, որ ուրիշ ձևեր են գտնելու և անելու»,- ասաց Լարիս Ալավերդյանը և հավելեց, որ զարմանքը պետք է փոխարինվի գործուն էմոցիաներով»։ «Մենք ունենք այն, ինչ պետք է սպասեինք, պետք չէ ձևացնել, թե սա անսպասելի է: Երբ գաղտնալսումը սկսվեց մեկնաբանել մեկ տեսանկյունից, թե ով է գաղտնալսել, և ոչ թե ինչ է գաղտնալսվել, ապա մենք պետք է հասկանայինք, որ շեղվում ենք իրավական պետության կառուցման ճանապարհից»,- ասաց նա: Ըստ Լ․ Ալավերդյանի՝ հասարակությանը մանիպուլացնում են:

«Այն, ինչ տեղի է ունենում Հրայր Թովմասյանի հետ, շարունակական պրոցես է, որպեսզի ունենան իրենց հաճո ՍԴ կազմ: Ես դիմում եմ ԱԺ բոլոր պատգամավորներին, քանի որ յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատվություն ունի ընտրողների հանդեպ, որ հանդես գան հայտարարությամբ երկու հարցով էլ. Մեկը՝ արդյո՞ք համարում են Հրայր Թովմասյանի նկատմամբ տեղի ունեցածը իրավաչափ, և երկրորդ՝ կիսո՞ւմ են իրենց ջատագովների հայհոյախառն մոտեցումները, և հայհոյանքը ցանկացած քաղաքացու նկատմամբ հայհոյա՞նք է երկրի նկատմամբ»,-ասաց նա:

Գառնիկ Իսագուլյանն իր հերթին նկատեց՝ կարմիր գծի սահմանը անցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գործադիր իշխանությունը զավթած մարդը: «Պարզապես այս դեպքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է սասունցու և մշեցու թոռան, ով երբեք տուրք չի տալու բոլոր առումներով կիսամարդ ցանկություններին և հայրենիքը չի վտանգելու: Այն, ինչ ասում է, և այն, ինչ անում է Հրայր Թովմասյանը, միակ ճանապարհն է, որ Հայաստանը և Արցախը կփրկի կործանումից»,- ասաց նա:

Ըստ Իսագուլյանի՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայկական երկու պետականությունների նկատմամբ ոճրագործությունն է: «Այսօր թիվ մեկ մեղավորը Արմեն Սարգսյանն է, որ իր անգործությամբ երկիրը տարել է  քաոսի, երկրորդ մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա և Նիկոլ Փաշինյանին կոչ արեց ԱԱԾ-ին ուղարկել՝ կնոջ ականջօղերի գինը իմանալու:

Մենուա Հարությունյանը նշեց, որ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելով՝ Նիկոլ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը: «Հրայր Թովմասյանն այն բացառիկ տղաներից է, ով իր անձնական շահն առաջ չտարավ, չդարձավ Նիկոլ Փաշինյանի կամակատարը: Այսօր պայքարը ոչ թե Նիկոլի և Հրայրի մեջ է, այլ Նիկոլի և սահմանադրականության մեջ է: Հրայր Թովմասյանն այսօր խրամատում կռիվ է տալիս ներքին թշնամու դեմ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ձեռնոց են նետում և երբևէ կնետեն ՀՀ սահմանադրականությանը, մեր ներքին թշնամիներն են: Եվ այնպես վճռական պետք է կռիվ տալ, ինչպես մեր 18 տարեկան տղաները կռիվ են տալիս արտաքին թշնամու դեմ»,-ասաց նա:

Ըստ Մենուա Հարությունյանի՝ ներկայիս Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական վենդետա է տեղի ունենում, քանի որ նա հրաժարվեց Նիկոլի կամքին ծառայել, այլ գերադասեց ծառայել Հայաստանի սահմանադրականությանը: Նա կոչ արեց այսօր՝ ժամը 14:30, հավաքվել ԱԱԾ-ի դիմաց և նշեց, որ ով չի գալու, թող այլևս չխոսեն: «Նիկոլ Փաշինյան կոչեցյալը մենակ փողոցից է վախենում»,- ասաց նա և նշեց, որ հաջորդ սերունդները խոնարհվելու են նրանց առաջ, ովքեր կռիվ են տալիս Նիկոլ Փաշինյանի դեմ:

«Լիդեր եք ուզում, լիդերը ծնվում է այս պահին, և դա Հրայր Թովմասյանն է»,-ասաց նա: