Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը

Բրյուսելում հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

Նիստին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի գլխավորությամբ:

Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների և համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները: Ներկայացվել և քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Հոդվածներ 230-240-ով ամրագրված դրույթների իրականացմանը և ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցերը: Քննարկվել են նաև «շամպայն» և «կոնյակ» ապրանքային նշանների պաշտպանությանն առնչվող գործընթացները և այդ ուղղությամբ նախատեսվող հետագա աշխատանքները, ինչպես նաև աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների առնչությամբ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

Նիստի ընթացքում կողմերը ընդունել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները և ձևավորել երկկողմ հարցման կետեր:

Լրացուցիչ տեղեկատվություն

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որի հիմնական դրույթները ժամանակավորապես ուժի մեջ են մտել 2018 թ. հունիսի 1-ից։

Համաձայնագրի 240-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է Աշխարհագրական նշումների ենթակոմիտե։ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի նիստերը կայանում են առնվազն տարին մեկ անգամ` երկկողմ նախնական պայմանավորվածության հիման վրա։