Սիրիական բանակը հինգ տարում առաջին անգամ մտել է Ռաքքա. «ՌԻԱ Նովոստի»

Սիրիական բանակի ջոկատները 2014 թվականից ի վեր առաջին անգամ մտել են Ռաքքա քաղաք և այնտեղ տեղակայել իրենց դիտակետերը: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

2014 թվականին Ռաքքան գրավվել էին «Իսլամական պետության» ահաբեկիչները՝ փաստացի դարձնելով իրենց հենակետը:

2017 թվականի հոկտեմբերին բազմամսյա ռազմական գործողությունների արդյունքում «Սիրիական ժողովրդավարական ուժերը», որոնց մեջ ներառված էին նաև քրդական ինքնապաշտպանության ջոկատներ, միջազգային կոալիցիայի օդուժի օգնությամբ ազատագրել էին քաղաքը:

Զանգվածային ռմբակոծության և ամերիկամետ քրդական խմբավորումների գործողությունների պատճառով Ռաքքան ամբողջովին ավերվել է և մինչև հիմա չի վերականգնվել:

Սիրիայի արտգործնախարարությունն այն ժամանակ միջազգային կոալիցիայի գործողությունները Ռաքքայում ցեղասպանություն էր անվանել: